Ջեք Գրիլիշը ջնջել է «Hala Madrid» բառերով թվիթը, որը գրել էր 2014-ին։
Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց ՉԼ կիսաեզրափակչից, չնայած մինչև 90-րդ րոպեն ընդհանուր դիմակայության արդյունքով երկու գնդակի առավելություն ուներ «Ռեալի» նկատմամբ։
Գրիլիշը դաշտ դուրս եկավ 78-րդ րոպեին՝ փոխարինելով Գաբրիել Ժեզուսին։ 1-0 հաշվի ժամանակ, երբ անգլիական ակումբը առջևում էր, ֆուտբոլիստը երկու բացահայտ գոլային պահ չիրացրեց։
Դրանից հետո «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգո Գոեսը մեկ րոպեում դուբլ ձևակերպեց, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ ու 95-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ մադրիդցիները հասան եզրափակիչ։
«Սիթիի» պարտությունից հետո սոցցանցերում ակտիվ տարածվում էր Ջեք Գրիլիշի թվիթերյան գրառումը, որը նա արել էր 2014-ի ապրիլին ՉԼ-ում «Ռեալի»՝ «Բավարիայի» դեմ տարած հաղթանակից հետո։ «Hala Madrid»,- գրել էր ֆուտբոլիստը։
Այն բանից հետո, ինչ սոցցանցերում տարածվել էր գրառումը, Գրիլիշը ջնջել է այն իր էջից։