«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը՝ Մոնիկան, հրաժեշտ է տվել ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլային, որն ապրիլի 30-ին 54 տարեկան հասակում հեռացավ կյանքից.
«Դու հիանալի մարդ էիր և մենթոր: Շնորհակալ եմ այն հոգտարության և իմաստնության համար, որ կիսել ես ինձ և իմ ընտանիքի հետ: Կարոտում եմ քեզ, Մինո»,- գրել է Մոնիկա Մխիթարյանը Instagram-ի իր էջում և հրապարակել այս լուսանկարը:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը Մինո Ռայոլայի հետ ծանոթացել է հենց Մոնիկայի միջոցով: Մոնիկա Մխիթարյանը, որն աշխատում է ՈՒԵՖԱ-ում, Միշել Պլատինիից խնդրել էր Ռայոլայի հեռախոսահամարը, սակայն Պլատինին կարողացել էր գտնել միայն գործակալի էլեկտրոնային հասցեն: Դրանից հետո Մոնիկան սկսել է հաղորդագրություններ ուղարկել Մինոյին՝ նշելով, որ Հենրիխ Մխիթարյանի քույրն է, և որ եղբայրը հանդես է գալիս Դոնեցկի «Շախտյորում», լավ ֆուտբոլիստ է, հայ է:
«Ռայոլան ինքն ընդունում էր, որ իրեն հետաքրքիր չէ Ռուսաստանը, առավել ևս՝ Ուկրաինան: Նա Բրազիլիայում ուներ շատ գրագետ փաստաբան: Այդ կինը կարդացել է նամակները և հասկացել, որ ազգանունը ծանոթ է: Նայելով՝ թե ում մասին է խոսքը, Ռայոլային ասել է, որ վերջինս շատ հետաքրքիր խաղացող է ու նրան արժե հետևել: Եվ միայն դրանից հետո՝ 10-րդ կամ 20-րդ հաղորդագրությանը նա պատասխանել է»,- ավելի վաղ պատմել էր ֆուտբոլային մեկ այլ գործակալ՝ Մարկո Տրաբուկին:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2013 թվականին Դոնեցկի «Շախտյորից» 27,5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա»: