Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին հնարավոր է գլխավորի Պրեմիեր լիգայի «Բարնլի» ակումբը, հայտնում է The Sun-ը:
«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ռունին ցանկություն ունի աշխատել «Բարնլիում», նույնիսկ եթե ակումբի ժամանակավոր մարզիչ Մայք Ջեքսոնը չկարողանա թիմը պահել Պրեմիեր լիգայում:
36-ամյա Ռունին չի թաքցրել, որ ցանկանում է գլխավորել Պրեմիեր լիգայի թիմը: Միաժամանակ, Ռունիի վերջնական նպատակն ապագայում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ դառնալն է։
Ռունին գլխավորել է «Դերբի Քաունթին» անցյալ տարվա հունվարին և կարողացել է փրկել թիմին Չեմպիոնշիփից դուրս մնալուց 2020/21 մրցաշրջանում, սակայն մասնագետն այս մրցաշրջանում չի լուծել նմանատիպ խնդիրը: Այժմ ակումբը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։
2021/22 մրցաշրջանի ավարտին մնացել է հինգ խաղ և «Բարնլին» Պրեմիեր լիգայում զբաղեցնում է 17-րդ տեղը։