«Արարատի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը ամփոփել է Vbet Հայաստանի պրեմիեր լիգայի առաջության երրորդ շրջանը: Մարզիչն անդրադարձել է թիմի նախապատրաստությանը, խնդիրներին, ընթացիկ արդյունքին:
— Եկեք ամփոփոնք մինչ այժմ կատարված աշխատանքը։ Ի՞նչ կասեք գարնանային հատվածում թիմի ցույց տված արդյունքների մասին։
Ընդունելով «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու առաջարկը՝ գիտակցում էի, որ թիմը գլխավորում եմ բարդ ժամանակահատվածում՝ հաշվի առնելով այն, որ թիմը տրանսֆերային արգելքի հետևանքով ոչ միայն չուներ համալրումներ անելու հնարավորություն, այլև ակումբից հեռացան մի քանի առանքային խաղացողներ: Սակայն թիմում մնացել էին բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ և, չնայած կորուստներին, հավատում եմ, որ նրանց հետ միասին կարելի է լավ աշխատանքի շնորհիվ քաղել առավելագույնը։
Ինչ վերաբերում է արդյունքերին, ապա դրանք հակասական են՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: «Արարատը» ուշ սկսեց նախապատրաստությունը` հավաքվելով միայն հունվարի 14-ին, թիմն ամբողջական կազմով սկսեց մարզվել միայն հունվարի 28-ից, իսկ առաջնությունն այս տարի, ինչպես գիտեք, բավական շուտ՝ փետրվարի 19-ին վերսկսվեց։
— Իսկ ինչու՞մ է կայանում խաղային հակասությունը:
— Նախ, թիմից հեռացան ռմբարկուները` Սերժ Դեբլեն, Յակուբա Սիլուեն, Դիմիտրիյե Պոբուլիչը, գումարած` Ժիրայր Մարգարյանը: Նոր հարձակվողի համալրման ակնկալիքով վերսկսեցինք առաջնությունը: Թիմը կարողացավ ճիշտ արձագանքել այդ հանգամանքին, ու ինչպես տեսաք, բոլորը մեկ մարդու պես պաշտպանվում էին գնդակի կորստի դեպքում: Դա են վկայում նաև նվազագույն հաշվով խաղերը: Բայց առանց էական ռոտացիայի բավական ծանր է ֆուտբոլ խաղալ խիտ գրաֆիկով: Չնայած՝ պետք է նշեմ, որ թիմը ձգտում է պատվով դուրս գալ այս իրավիճակից։
— Եվ որո՞նք են այս ամենի հետևանքները:
— 4-5 ֆուտբոլիստ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ: Հիմա տղաները հերթով վերականգնվում են: Բոլորն էլ տրամադրված են վերադառնում խաղադաշտ: Իսկ մինչև այդ խաղերին ներկայանում ենք բավական կարճ նստարանով: Վերջին հանդիպմանը, առանց ընտրության, բոլոր ուժերը նետել ենք խաղադաշտ: Ուրախալի է, որ այս ամենի հետ միասին երիտասարդ ֆուտբոլիստները խաղային ավելի շատ ժամանակ են ստանում ու խաղային աճ են գրանցում մրցակցության մեջ։
— Նշեցիք երիտասարդ ֆուտբոլիստների մասին, բայց «Արարատում» նաև շատ են փորձառու խաղացողները։ Ի՞նչ կասեք նրանց ելույթների և դերի մասին՝ հատկապես նման խիտ գրաֆիկով հանդիպումների պարագայում, երբ, օրինակ, ապրիլ ամսին թիմը յոթ հանդիպում ունի։
— Փորձառու խաղացողների առկայությունը թիմում միանշանակ օգնում է մարզչական շտաբին խաղերին ավելի պատրաստ լինելու և տարբեր իրավիճակներին ավելի լավ արձագանքելու տեսանկյունից։ Մեր փորձառու ֆուտբոլիստները մշտապես իրենց վրա են վերցնում թիմն իրենց հետևից տանելու պատասխանատվությունը։
Ինչ վերաբերում է խիտ գրաֆիկին, ապա իսկապես դժվար է նման պարագայում վերականգնումը, սակայն մեր բժշկական շտաբն ամեն ինչ անում է, որպեսզի ֆուտբոլիստներն առավելագույնս պատրաստ ներկայանան հանդիպումներին։
— Ի՞նչ կասեք մրցաշարային աղյուսակում պայքարի մասին։ Երրորդ տեղի համար պայքարը սրվել է միավորների նվազագույն տարբերությամբ:
— Իհարկե, այս ամենն իր հետևանքն ունեցավ: Բացի այդ, մենք էլ թերացանք խաղերի ժամանակ: Երբ սեփական աշխատանքի շնորհիվ խաղերի ժամանակ ստանում էինք թվային առավելություն, շտապում էինք` ցանկանալով րոպե առաջ խփել հաջորդ գոլը: Այնինչ պետք էր ավելի հանգիստ գործել` օգտագործելով ազատ գոտիները:
Իրականում այս առաջնությունը բավական հետաքրքիր պայքարում է անցնում, և աղյուսակի բոլոր հատվածներում լարվածությունը մեծանում է. մոտակա մրցակիցների միջև միավորների տարբերության չեզոքացման` ուրիշ դեպքեր էլ եղան:
— Ի՞նչ կարող են ակնկալել «Արարատի» երկրպագուները վերջին շրջանից:
— «Արարատ» անունը թույլ չի տա, որ հանձնվենք: Չնայած վերջին խաղերի վատ արդյունքներին, մենք շատ դրական երևույթներ նկատեցինք հատկապես առաջատարներ «Արարատ-Արմենիայի» և «Փյունիկի» դեմ վերջին խաղերում։ Խաղային շատ բաղադրիչներում մենք չէինք զիջում մրցակիցներին։ Նկատելի է հարձակման գծի ֆուտբոլիստների մոտ վստահության աճը։ Բացի այդ, աստիճանաբար ապաքինվում են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները և այս ամենը թույլ է տալիս լավատեսորեն մոտենալ առաջնության վերջին շրջանին։
Մեր փորձառու առաջատարների իմաստությունը, երիտասարդների եռանդը, անձնակազմի պատրաստակամությունը մեկ բռունցք կդառնան բոլոր տեսակի դժվարությունների առաջ: Մեզ համար անչափ կարևոր է նաև երկրպագուների աջակցությունը, ինչը շատ կօգնի առաջնության վերջին հատվածում հաջողությունների հասնելու համար։