«Բոդո Գլիմտի» գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենը մեկնաբանել է «Ռոմայի» հետ Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչ խաղից հետո (2-1) տեղի ունեցած միջադեպը։
Հանդիպումից անմիջապես հետո հռոմեացիների ավագ Լորենցո Պելեգրինին հայտնել է, որ Կնուտսենը հարձակվել է «գայլերի» դարպասապահների մարզչի վրա։ Նորվեգական ակումբն իր հերթին պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ զոհը դարձել է հենց Կնուտսենը, քանի որ առաջինը նրա վրա է հարձակվել «Ռոմայի» ներկայացուցիչ Նունո Սանտուշը։
«Ամեն ինչի գագաթնակետը մարզադաշտի թունելում իմ վրա հարձակումն էր։ Ես բնավորությամբ այնպիսին եմ, որ սովորաբար հեռանում եմ ցանկացած կոնֆլիկտից։ Այս դեպքում ֆիզիկական հարձակման եմ ենթարկվել։ Նա բռնեց վզիցս և սեղմեց ինձ պատին։ Բնականաբար, ես ստիպված էի պաշտպանվել:
Վիրավորական պահվածքը, որին մենք հանդիպեցինք հանդիպման ժամանակ, չպետք է կապ ունենա ֆուտբոլային հանդիպման հետ»,- Կնուտսենի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: