Կոնֆերենցիաների լիգայի «Բուդո-Գլիմտի» դեմ խաղից առաջ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ժամանակ է անցկացրել նորվեգացի երիտասարդ երկրպագուների հետ, լուսանկարվել նրանց հետ և ինքնագրեր ստորագրել։
Չնայած հռոմեական թիմի կրած պարտությանը, պորտուգալացին նույնը մտադիր էր անել խաղից հետո, սակայն նրան կանգնեցրեց երկրպագուներից մեկի անհարգալից արարքը։
Թիմային ավտոբուս գնալիս Մոուրինյոն որոշել էր նախ մոտենալ երկրպագուներին։ Սակայն ամբոխի միջից ձնագնդի թռավ պորտուգալացի մարզչի ուղղությամբ։ Ժոզեին նման պահվածքը դուր չի եկել, բացի այդ, տեսանյութում երեւում է, որ նա իր թիմի պարտությունից հետո այնքան էլ լավ տրամադրություն չուներ։ Մոուրինյոն լուռ շրջվել և քայլել է դեպի թիմի ավտոբուսը՝ այդպիսով պատասխանելով նորվեգացի երկրպագուների անհարգալից ժեստին։