Vbet Հայաստանի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակչում «Ուրարտուն» 3-0 հաշվով հաղթեց «Վանին» և դուրս եկավ եզրափակիչ։
Հետխաղային ասուլիսում իր տպավորություններով կիսվեց «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը։
«Նախ, շնորհավորում եմ ֆուտբոլիստներին ոչ միայն հաղթանակի, այլև լավ խաղի համար։ Այն ֆուտբոլը, որը մենք միշտ փորձում ենք խաղալ, այսօր լիարժեքորեն կարողացանք իրագործել։
Այսօր խաղում էին երկու թիմեր, որոնք միմյանցից բավականին տարբեր խաղաոճեր ունեն, բայց մենք կարողացանք թելադրել մեր ոճը»։
ArmSport-ի այն հարցին, թե արդյո՞ք գոլային պահերի իրացումը կարելի համարել այսօրվա խաղի հաղթաթուղթը՝ հաշվի առնելով, որ ոչ բոլոր խաղերում է թիմը կարողանում իրացնել ստեղծած բազում պահերը, Արզումանյանը նշեց․
«Բնականաբար գոլ խփելով են հաղթում։ Եթե չկարողանայինք խփել, պետք է ասեինք, որ լավ չստացեց։ Գոլ խփելու դեպքում ամեն ինչ հաջողված ենք համարում։ Ինձ համար այդքան էլ ընդունելի չէ այդ տեսակետը, քանի որ ֆուտբոլ է, և ամեն բան հնարավոր է»։