Ապրիլի 2-ին կսկսվի ֆուտբոլի Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլը:
Եզրափակիչ դուրս գալու համար կմրցեն «Ուրարտու»-«Վան» և «Արարատ»-«Նորավանք» զույգերը:
«Ուրարտու» — «Վան» — 03.04.22, «Ուրարտու-1» մարզադաշտ
«Ուրարտուն» (Նախկին «Բանանց»-խմբ.) Հայաստանի եռակի գավաթակիր է: Երևանյան թիմը պատվավոր տիտղոսը նվաճել է 1992, 2007 և 2015/16 մրցաշրջաններում, իսկ 2014 թվականին նվաճել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը:
2021/22 մրցաշրջանի գավաթի խաղարկությունում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչ փուլից: Կիսեզրափակիչ դուրս գալու համար երևանյան թիմը Ջոնել Դեսիրեի ու Հակոբ Հակոբյանի խփած գոլերի շնորհիվ հաղթանակի է հասել գործող չեմպիոն «Ալաշկերտի» նկատմամբ: Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Ուրարտուն» 25 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը՝ մեկ միավորով գերազանցելով «Նոային»: Գործնականում «Ուրարտուն» զրկվել է առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից, ուստի Գավաթի խաղարկությունը եվրագավաթային ուղեգրի համար ամենահարմար տարբերակն է երևանյան թիմի համար։
Չարենցավանի «Վանն» իր եռամյա պատմության ընթացքում երրորդ անգամ է մասնակցում գավաթային խաղարկությանն ու առաջին անգամ է դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ: Հայաստանի Գավաթի խաղարկությունում անդրանիկ հանդիպումը չարենցավանյան թիմն անցկացրել է 2019-ի սեպտեմբերի 6-ին՝ 1/16 փուլում պայքարից դուրս թողնելով «Արագածին» (6:0): Այդ տարի «Վանը» 1/8 եզրափակչում հաղթահարեց նաև «Լոկոմոտիվի» արգելքը (1:0), իսկ քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով պարտվեց «Նոային»: Հաջորդ մրցաշրջանում «Վանը» նույնպես դուրս մնաց քառորդ եզրափակչից: Երկու խաղերի արդյունքում հաղթելով «Նորավանքին» (2:0)՝ Պրեմիեր լիգայի նորեկները կռիվ տվեցին գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ: Առաջին խաղում հաղթելով նվազագույն հաշվով՝ պատասխան խաղում չարենցավանի թիմը զիջեց նույն հաշվով և միայն 11 մետրանոց հարվածաշարերով «Արարատ-Արմենիային» հաջողվեց դուրս գալ կիսաեզրափակիչ:
«Արարատ» — «Նորավանք» — 02.04.22, «Հանրապետական» մարզադաշտ
Բարձրագույն խմբի նորեկ «Նորավանքը» պատմություն կերտելու ճանապարհին է։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմն այս մրցաշրջանում իսկական սենսացիայի հեղինակ դարձավ՝ քառորդ եզրափակչում գավաթային պայքարից դուրս թողնելով «Արարատ–Արմենիային» (2:1)։ Դրանից առաջ Վայոց Ձորի մարզը ներկայացնող թիմը հաղթահարել էր «Շիրակի» արգելքը՝ Գյումրիում հաղթելով նվազագույն հաշվով։ Vbet ՀՊԼ ընթացիկ առաջնությունում «Նորավանքը» 14 միավորով 8–րդ տեղում է։ Ձմեռային դադարից հետո Վայքի թիմը զգալիորեն ուժեղացրեց կազմը, իսկ այս տարվա անցկացրած խաղերում թիմին չէր ուղեկցում «մարզական բախտը»։ Գավաթային խաղին ընդառաջ հարկ է հիշել մարտի 15–ին կայացած առաջնության հերթական տուրի դրամատիկ խաղը «Արարատի» հետ, որում առաջնության նորեկը պարտվեց նվազագույն հաշվով։ Առաջնության վերջին խաղում «Նորավանքը» 3։1 հաշվով հաղթեց «Նոային» և բարձր տրամադրությամբ է մոտենում գործող գավաթակիր «Արարատի» հետ մրցավեճին։
«Արարատը» Հայաստանի 7–ակի գավաթակիր է։ Լեգենդար ակումբը պատվավոր տիտղոսը նվաճել է 1993–95, 1997, 2008 և 2021 թվականին։ Գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում երևանյան թիմը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ պայքարից դուրս է թողել «Նոային» (1։0): Առաջնության երկրորդ հատվածն «Արարատն» անցկացնում է մարզիչ Էդգար Թորոսյանի գլխավորությամբ, որը մինչև այս գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում էր։ Առաջնության երկրորդ հատվածում անցկացրած 6 խաղում տարել է 2 հաղթանակ՝ առավելության հասնելով «Վանի» ու «Նորավանքի» նկատմամբ։ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Արարատը» 38 միավորով 3–րդ տեղում է։
Գավաթի խաղարկություն եզրափակիչի մասնակիցները կորոշվեն մեկ խաղի արդյունքով։