Կարլո Անչելոտին կարող է նշանակվել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ, եթե Ռոբերտո Մանչինին հրաժարական տա, հայտնում է La Gazetta dello Sport-ը:
Ըստ հրապարակման՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) Անչելոտիին դիտարկում է որպես այդ պաշտոնի թեկնածուներից մեկը, եթե 62-ամյա իտալացին որոշի հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեկ այլ թեկնածու Ֆաբիո Կանավարոն է։
Ուրբաթ առավոտյան իտալական լրատվամիջոցները նշել են, որ Մանչինին հանդիպում է ունեցել FIGC-ի նախագահ Գաբրիելե Գրավինայի հետ։ Բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Հինգշաբթի օրը Իտալիայի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆում։ Այսպիսով, իտալացիները բաց կթողնեն երկրորդ Աշխարհի առաջնությունն անընդմեջ։
Մանչինին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 2018 թվականի մայիսին, իսկ նախորդ տարվա մայիսին նա երկարաձգել է պայմանագիրը մինչև 2026 թվականը, որից հետո թիմը հաղթել է Եվրոպայի առաջնությունում։