Մարտի 25-ին Մոնպելյեում ընթացող գեղասահքի Աշխարհի առաջնությունում պարային զույգերը հանդես են եկել ռիթմիկ պարեր ծրագրով։
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալ պարային զույգը։ Այս ծրագրից հետո Կարապետյան-Սենեկալ զույգը 14-րդն է մրցաշարում (68.50 միավոր), ինչը թույլ է տալիս մեր զույգին պայքարը շարունակել եզրափակչում։
Նշենք, որ հաջորդ՝ եզրափակիչ փուլի ուղեգիր են ձեռք բերում 31 մասնակիցներից լավագույն 20-ը։ Վաղը գեղասահորդները հանդես կգան ազատ ծրագրով։
Ֆրանսիան ներկայացնող Գաբրիելա Պապադակիս-Գիյոմ Ցիզերոնը զույգն առաջատարն է այս ծրագրից հետո։ Նրանք վաստակել են 92․73 միավոր, որը նոր համաշխարհային ռեկորդ է։