Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Չեռնոգորիային։ Հանդիպումից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդիպեց լրագրողներին։
-Որքանո՞վ արդարացան Ձեր սպասելիքները մրցակցի ընտրության հետ կապված։
-Իհարկե, այո, արդարացան։ Մենք բավականին լավ չեզոքացրեցինք նրանց երկրորդ հարկում և լավ խաղ ցուցադրեցինք։ Կարծում եմ՝ կարող էինք հաղթել խոշոր հաշվով։ Երբ մնացինք տասը հոգով, սակայն, դժվարանում էինք մուտք գործել։
-Կալիզիրի վնասվածքը որքանո՞վ բարդացրեց թիմի առաջադրանքն ու Ստյոպա Մկրտչյանը որքանո՞վ կատարեց այդ դերը։
-Բախտներս չբերեց Կալիզիրի վնասվածքի մասով։ Ինչ մնում է Ստյոպային, նա բավականին հետաքրքիր խաղ ցուցադրեց։ Առաջին խաղն էր, շատ աճելու տեղ ունի։ Եթե շարունակի նույն ոճով, կարող ենք ասել, որ ևս մեկ ֆուտբոլիստ նվաճեցինք հավաքականի համար։
-Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն ի՞նչ ֆուտբոլ ցուցադրեցին։ Հարձակման գծի մասին ի՞նչ կասեք։
-Շատ լավ։ Արդարացրեցին իրենք։ Մենք հունիսին 4 խաղ ունենք ու ֆուտբոլիստներին պետք է տեսնենք գործի մեջ։ Պետք է շնորհավորել Էրիկին և Վահանին։ Բացի նրանից, որ մեծ ծավալի ֆիզիկական աշխատանք կատարեցին, գնդակով էլ վատ չէին ու թիմին տարբեր տարբերակներ էին առաջարկում։
-Մրցակցի մարզիչն ասաց, որ նման կոշտ խաղ չէր սպասում։ Իսկ Դո՞ւք։
-Համաձայն չեմ նրա հետ բոլորովին։ Կար ֆիզիկական պայքար, կոշտության առումով համաձայն չեմ։ Ֆուտբոլում հաղթում է նա, ով հաղթում է մենապայքարներում։
-Պաշտոնական սպասվող խաղերի մրցակիցներից ավելի ո՞ւմ էր նման Չեռնոգորիան։ Մեկնաբանեք նաև խաղի թերություններն ու առավելությունները։
-Ավելի շատ երևի թե Իռլանդիային է հիշեցնում։ Շատ գոհ եմ մեր տղաների խաղից, կարծում եմ՝ դուք էլ պիտի գնահատեք։ Երկու տղա կար դաշտում, որ 18 տարեկան էր, և դա շատ կարևոր է հայկական ֆուտբոլի համար։ Անկախ արդյունքից, որ շատ կարևոր էր, նաև այդ տղաների նորամուտն էր կարևոր։ Իհարկե, ֆուտբոլային շատ ասպեկտներ կան, որ պիտի բարելավենք։ Շատ հավաքականներ կան, որ մեզ հաղթում են, բայց պիտի նաև գնահատենք ֆեդերացիայի աշխատանքը։
-Յուրչենկոն, մի քանի դրվագում շուտ դուրս եկավ տեղից, ի՞նչ կասեք նրա խաղի մասին։ Նորվեգիայի դեմ խաղում դարպասապահի փոփոխություն սպասվո՞ւմ է։
-Ես համաձայն չեմ Ձեզ հետ։ Կարծում եմ՝ Դավիդը մեզ շատ օգնեց այսօր։ Եթե նա ուժեղ չլիներ երկրորդ հարկում պայքարների մեջ, այլ արդյունք կունենայինք։ Նորվեգիայի դեմ խաղում բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, ցանկանում ենք մրցակցել ու գրանցել աճ և առաջընթաց։