Մեծ Բրիտանիայի կառավարությունը փոփոխություններ է մտցրել «Չելսիի» օպերացիոն լիցենզիայում, որն ակումբին թույլ է տալիս օգտագործել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ընկերության ֆինանսական միջոցներից՝ 36 մլն եվրո: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
«Համաձայն այս լիցենզիայի, որոշ պայմանների ապահովման դեպքում ընկերությունը կարող է մինչև 36 մլն եվրո վճարել ակումբին՝ կապված վերջինիս ֆինանսական խնդիրների հետ»:
Խոսքն Աբրամովիչին պատկանող Fordstam Ltd ընկերության մասին է, որի նկատմամբ Բրիտանիայի կառավարությունը մարտի 10-ին պատժամիջոցներ կիրառեց:
Եվս մեկ փոփոխության համաձայն, «Չելսիի» երկրպագուներն այսուհետ կկարողանան տոմսեր գնել արտագնա խաղերի, գավաթային և կանանց թիմերի խաղերի համար: Անգլիայի լիգայի և Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղերի համար երկրպագուները կկարողանան տոմսեր ձեռք բերել, բայց եկամուտը կուղղվի կա՛մ մրցաշարի կազմակերպիչին կա՞մ տնային մարզադաշտին, բայց ոչ «Չելսիին», որպեսզի պատժամիջոցներին համապատասխանեն:
Կանանց լիգայի խաղերին բացառություն կարվի, որը երկրպագուներին թույլ կտա տոմսեր ձեռք բերել ինչպես տնային, այնպես էլ արտագնա խաղերի համար, քանի որ դրանք դեռևս ընդհանուր վաճառքի չեն հանվել, և դատարկ տրիբունաների վտանգ կա: