«Բարսելոնան» այս ամառ կփորձի կազմը համալրել մի շարք նոր ֆուտբոլիստներով։ Չավիի թիմը կփորձի ուժեղացնել ինչպես պաշտպանությունը, այնպես էլ կիսապաշտպանության կենտրոնն ու հարձակման գիծը։
«Բարսելոնան» հետաքրքրված է «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կատալոնացիները և մի շարք այլ եվրոպական ակումբներ, որոնց անունը չի նշվում, դիտարկում են 25-ամյա իսպանացու հետ պայմանգիր կնքելու տարբերակը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է աղբյուրը։ Միևնույն ժամանակ, Մադրիդի «Ռեալը», որտեղից ֆուտբոլիստը տեղափոխվել է «Տոտենհեմ» 2020 թվականի սեպտեմբերին, ունի խաղացողին 40 միլիոն եվրոյով հետ գնելու առաջնահերթ իրավունք։
«Բարսելոնան» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել նաև հարձակման գիծը: Կատալոնական ակումբի գլխավոր նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է։ Եթե «Բարսելոնային» չհաջողվի ավարտին հասցնել նորվեգացու տրանսֆերը, այդ դեպքում «Բարսելոնան» արդեն երեք այլ տարբերակ է մշակել, հայտնում է Sky Sports-ը։ Որպես հաջորդ տարբերակ կատալոնական ակումբը դիտարկում է «Լիվերպուլից» Մոհամեդ Սալահի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, ով չի կարողանում նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ «կարմիրների» հետ։
Մյուս տարբերակը Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերն է Մյունխենի «Բավարիայից», ում ապագան մյունխենյան ակումբում կասկածի տակ է, քանի որ լեհ ֆուտբոլիստի հետ նոր գործարքի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել: Եվ վերջին տարբերակը «Չելսիից» Ռոմելու Լուկակուի տեղափոխությունն է, ով ակումբում տիրող իրավիճակի հետ կապված կարող է հեռանալ Լոնդոնից: Սակայն վերջին երկու տարբերակները քիչ հավանական են թվում, իսկ Սալահի դեպքում, կատալոնացիները լուրջ մրցակից ունեն՝ ի դեմս «Յուվենտուսի»։
Իսկ ահա «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենի տրանսֆերն առավել քան հավանական է։ Մրցաշրջանի ավարտից հետո նա կհեռանա թիմից։ Դանիացու պայմանագրի ժամկետն ավարտվում է և այն չի երկարաձգվի։ Այսպիսով, ամռանը խաղացողը կդառնա ազատ գործակալ։
25-ամյա Քրիստենսենի նոր ակումբն, ամենայն հավանականությամբ, կլինի «Բարսելոնան»։ Պաշտպանը համաձայնել է պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Կատալոնական ակումբում Քրիստենսենը կվաստակի 6 միլիոն եվրո։ Այդ մասին հայտնում է Sport.es-ը։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Նույն ճանապարհը կարող է կրկնել նաև Սեսար Ասպիլիկուետան։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բարսելոնայի» ներկայացուցիչները իսպանացուն առաջարկել են երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ըստ աղբյուրի՝ գործարքի հավանականությունը բավականին մեծ է։ Վերջնական որոշումը պետք է կայացնեն լոնդոնցիների ղեկավարները։
Կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել նաև «Լիդսի» վինգեր Ռաֆինյա Դիասին, հայտնում է Diario Sport-ը: «Բարսելոնան» բրազիլացուն տեսնում է որպես Ուսման Դեմբելեի փոխարինող, ով ամռանը կարող է հեռանալ թիմից: Ռաֆինյայի գործակալը «Բարսելոնայի» նախկին խաղացող Դեկուն է։ Նա կատալոնացիներին առաջարկել է պայմանագիր կնքել իր հաճախորդի հետ դեռ այս մրցաշրջանի սկզբում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն մրցաշրջանի ավարտից հետո կմիանա «Բարսելոնային»: 25-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «ռոսոներիների» հետ ավարտվում է այս ամառ, նա կդառնա ազատ գործակալ։ «Բարսայի» հետ կոտդիվուարցին չորս տարով պայմանագիր է կկնքի՝ տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձով (այլ աղբյուրների համաձայն՝ 7 միլիոն), հայտնում է Diario Sport-ը։