Մի քանի օր առաջ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն Instagram-ի Storys բաժնում իր գրառման մեջ ակնարկել էր, որ չի մասնակցելու գեղասահքի Աշխարհի առաջնությանը:
ArmSport-ի հետ զրույցում Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը տեղեկացրեց, որ Հայրապետյանը մեջքի վնասվածք է ստացել մարզման ժամանակ, ինչի պատճառով էլ բաց է թողնելու Աշխարհի առաջնությունը։
Ֆեդերացիայի նախագահը նաև նշեց, որ եթե Հայրապետյանը հասցնի ապաքինվել վնասվածքից, ապա կկարողանա մասնակցել մայիսին կայանալիք Հայաստանի առաջնությանը։

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալ պարային զույգը։ Հիշեցնենք՝ 2022 թվականի գեղասահքի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում։ Մրցաշարի նախատեսված ժամկետներն են՝ 2022 թվականի մարտի 21-ից մինչև մարտի 27-ը։
Մելանյա Ստեփանյանից նաև տեղեկանում ենք, որ Հայաստանը ներկայացնող Սեմյոն Դանիելյանցն այժմ նախապատրաստվում է Աշխարհի պատանեկան առաջնությանը, որը կկայանա Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Մրցաշարը պետք է անցկացվեր այս տարվա մարտի 7-ից 13-ը Սոֆիայում (Բուլղարիա), սակայն ISU-ն որոշեց հետաձգել մրցաշարը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի ապրիլի 13-ից 17-ը Էստոնիայի մայրաքաղաքում։
