«Ուրարտուն» նոր համալրում ունի, թիմ է վերադարձել ակումբի սան Ժիրայր Մարգարյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
24-ամյա պաշտպանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց այս ակումբում՝ հանդես գալով 2014-2017 թվականներին։ Այնուհետև ֆուտբոլիստը համալրել է նաև «Շիրակի» և «Արարատի» կազմերը։
2021/22 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մարգարյանը տեղափոխվեց ուկրաինական «Վերես» ֆուտբոլային ակումբ, որտեղից էլ վերադարձավ հարազատ «Ուրարտու»։
Ակումբ տեղափոխվելուց հետո Մարգարյանը կիսվել է իր առաջին տպավորություններով․
«Վերադարձել եմ հարազատ ակումբ, ինչի համար շատ ուրախ եմ: Տղաներից շատերի հետ լավ ծանոթ եմ, ընկերներս են։ Կփորձեմ լավ ելույթներ ապահովել ու թիմին օգնել՝ բարելավելու դիրքերն առաջնությունում և հաղթելու գավաթը»։
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում ֆուտբոլիստն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ԱԱ 2022 որակավորման փուլի Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա խաղում։
Նշվում է, որ Ժիրայր Մարգարյանն «Ուրարտուում» հանդես կգա 88 համարի մարզաշապիկով։