Արտերկրում հանդես եկող մի շարք հայ ֆուտբոլիստներ այսօր իրենց ակումբներում մասնակցեցին հերթական հանդիպմանը։
ՖԱԼ-ի 27-րդ տուրում «Վոլգարը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Կուբանին»։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արտյոմ Սիմոնյանը, որը փոխարինվեց 80-րդ րոպեին։ «Վոլգարի» կազմում 73-րդ րոպեին դաշտ դուրս եկավ Արտյոմ Պողոսովը։ «Կուբանի» կազմում 57-րդ րոպեին փոխարինման մտավ Արթուր Սարկիսովը։
«Կուբանը» մրցաշարային աղյուսակում 16-րդ տեղում է, իսկ «Վոլգարը» զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
Սլովակիայի առաջնության 24-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ռուժոմբերոկի» հետ։ Տանտերերի կազմում Վլադիմիր Վայսը գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։ Տիգրանը փոխարինվեց 87-րդ րոպեին։ «Սլովանը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Մոլդովայի առաջնության 20-րդ տուրում «Զիմբրուն» 2-1 հաշվով հաղթեց «Բելցիին»։ Հաշիվը բացեց Արմեն Հովհաննիսյանը՝ պաշտոնական նորամուտը նշելով խփած գոլով։ «Զիմբրուի» կազմում 68-րդ րոպեին փոխարինման մտավ Դավիթ Նալբանդյանը, իսկ Հովյաննիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Զիմբրուն» ընթանում է 8-րդ հորիզոնականով։
Ռումինիայի առաջին խմբի առաջնության 19-րդ տուրում «Չիկսերեդան» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Բրաշովի» հետ։ Տանտերերի կազմում 69-րդ րոպեին խաղադաշտ մտավ Սարգիս Մեթոյանը։ «Չիկսերեդան» 7-րդ տեղում է։
ՖԱԼ-ի 27-րդ տուրում «Սպարտակի» երկրորդ թիմը 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ։ Տանտերերի կազմում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ստեփան Հովհաննիսյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Ստեփանի թիմը 12-րդ տեղում է։
ՖԱԼ-ի 27-րդ տուրում «Վելեսը» 3-2 հաշվով հաղթեց «Տեքստիլշչիկին»։ Տանտերերի կազմում հաշիվը բացեց Գևորգ Սարկիսյանը՝ եզրափակելով Արթուր Գալոյանի փոխանցումը։ Գևորգը երկրորդ պաշտոնական հանդիպումն անցկացրեց նոր ակումբում՝ երկրորդ խաղում անընդմեջ դառնալով գոլի հեղինակ։ Հանդիպման վերջնամասում Գալոյանը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով «Վելեսին»։
Սարկիսյանը փոխարինվեց 59-րդ րոպեին, իսկ Գալոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Տեքստիլշչիկի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Տիգրան Ավանեսյանը։ «Վելեսը» մրցաշարային աղյուսակում 9-րդ տեղում է, իսկ «Տեքստիլշչիկը»՝ 20-րդ։
ՖԱԼ-ի 27-րդ տուրում «Տոմը» 1-0 հաշվով հաղթեց «Կամազին»։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Արտյոմ Գալաջանը, որը փոխարիվեց 77-րդ րոպեին։ «Տոմը» մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է։
ՖԱԼ-ի 27-րդ տուրում «Մետալուրգը» մրցակցի դաշտում 1-2 հաշվով պարտվեց «Ենիսեյին»։ Հյուրերի կազմում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Արթուր Առուստամյանը, որը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Մետալուրգը» 19-րդ տեղում է։