Ռուսաստանի և Ուկրաինայի ակումբները, որոնք դեռևս մասնակցում են եվրոպական մրցաշարերին, ինչպես նաև ազգային հավաքականները պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտում։ Այս մասին ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։
«Այսօրվա նիստում ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն նաև որոշեց, որ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերին մասնակցող ռուսական և ուկրաինական ակումբներից և ազգային թիմերից կպահանջվի իրենց տնային հանդիպումներն անցկացնել չեզոք մարզադաշտերում մինչև հետագա ծանուցումը:
Բացի այդ, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է մնալ պատրաստի վիճակում՝ անհրաժեշտության դեպքում պարբերաբար լրացուցիչ արտահերթ նիստեր գումարելու համար՝ վերագնահատելու իրավական և փաստական իրավիճակը և անհրաժեշտության դեպքում հետագա որոշումներ կայացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել էր, որ Ազգերի լիգայի Հայաստանի (հունիսի 11) և Իռլանդիայի (հունիսի 14) հավաքականների հետ հանդիպումները կանցկացվեն Լվովի «Արենա» մարզադաշտում: Ուկրաինա-Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին, և պետք է մեկնարկի տեղի ժամանակով 21։45-ին։ Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։