ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի փոխարինման հետ կապված միջադեպը Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի` «Մոնպելյեի» հետ խաղում (5:0).
«Սա լավագույն իրավիճակը չէ մեզ համար, բայց մենք միակ ակումբը չենք, որը բախվել է նման բանի հետ: Ես արդեն մտածում եմ Չեմպիոնների լիգայի` «Բորուսիայի» հետ խաղի մասին: Նման իրավիճակները շեղում են:
Ես չեմ զայրանում Մբապեի վրա, բայց տխուր եմ, քանի որ նման արձագանքի կարիքը չկար: Այստեղ ես եմ մարզիչը, և ոչ թե որևէ այլ մեկը: Ես եմ կայացնում որոշումները, ու այդպես կլինի միշտ: Մենք թենիս չենք խաղում, այլ ֆուտբոլ: Պետք է հարգանք դրսևորենք»,- Տուխելի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը:
Հիշեցնենք` հանդիպման 68-րդ րոպեին 21-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 5:0 հաշվի պայմաններում, իսկ Տուխելը, բռնելով ֆրանսիացու ուսերից, կանգնեցրել է նրան: Գերմանացի մասնագետը փորձել է նրան ինչ-որ բան բացատրել, բայց ֆուտբոլիստը ցույց է տվել, որ չի ցանկանում նրա հետ խոսել: Տուխելը մոտ 15 վայրկյան է կարողացել պահել Մբապեին, ինչից հետո ֆուտբոլիստը, դժգոհ ժեստ ցուցադրելով, մոտեցել է պահեստայինների նստարանին:
Խաղից հետո Մբապեն իր դժգոհությունն էր հայտնել, որ Տուխելն իրեն մնացած հարձակվողներից շուտ է փոխարինում:

