Կանանց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Հայասան» կշարունակի ելույթները առաջնությունում: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց ակումբի սեփականատեր Արտակ Գյոլեցյանը:
Նոյեմբերի վերջին ակումբը հատարարություն տարածեց, որ դադարեցնում է մրցելույթներն ու դուրս է գալիս առաջնությունից` առաջ բերելով մի շարք պատճառներ, որոնք կապված էին ՀՖՖ աշխատանքի հետ: Տարեվերջյան ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն անդրադառնալով ակումբի հայտարարությանը, նշեց, որ ակումբի ղեկավարության հետ հանդիպում կունենա և հույս հայտնեց, որ թիմը կշարունակի ելույթներն առաջնությունում:
ArmSport-ի հետ զրույցում ակումբի սեփականատերը հայտնեց, որ ՀՖՖ նախագահի հետ հանդիպումից հետո որոշվել է շարունակել ելույթներն առաջնությունում:
«Ֆեդերացիայի նախագահը տարեվերջյան ասուլիսի ընթացքում կոնկրետ պատասխաններ չտվեց մեր հարցերին: Երևի նա առաջ չէր զբաղվում ներքին խնդիրներով, չգիտեմ: Առաջնությունից դուրս գալու մեր հայտարարությունից հետո ահագին բան է փոխվել: Հանդիպել եմ ֆեդերացիայի նախագահի հետ և որոշել ենք, որ կշարունակենք մեր ելույթներն առաջնությունում: Հանդիպումից շատ փակագծեր չեմ բացի, ուղղակի խոսել ենք իրար հետ ու հասկացել, որ պետք է շարունակենք: Ինչ-որ չափով բավարարվել են մեր պահանջները ու եկել ենք ընդհանուր հայտարարի: Ընդհանուր կանանց ֆուտբոլի զարգացման համար էլ, մեր թիմի մասնակցությունն անհրաժեշտություն է»,-ասում է ակումբի սեփականատերը:
Դիտարկմանը՝ մտավախություն չկա՞, որ բարձրաձայնած խնդիրները կարող են լուծում չստանալ կամ խանգարել նաև մրցաշրջանի երկրորդ հատվածում, ակումբի սեփականատերն ասաց:
«Կարծում եմ՝ շատ բան կփոխվի, քանի որ նախ հավաքականում է շատ բան փոխվել, այդ թվում ՝ մարզչական առումով: Հիմա կանանց ազգային հավաքականը գլխավորում է Արտակ Ադամյանը, ով գլխավորում էր մեր թիմը Չեմպիոնների լիգայում հանդես գալու ընթացքում: Այս տարվա առաջնությունից դուրս չենք գա: Երբ որոշել էինք թիմը փակել, բոլոր երեխաների համար գտել էինք համապատասխան թիմեր: Հանդիպում ունեցանք ֆուտբոլիստուհների հետ, ու նրանք էլ ափսոսանք հայտնեցին, որ չթողնենք առաջնությունը: Այդ ամենի, ինչպես նաև ֆեդերացիայի ղեկավարության հետ հանդիպումից հետո որոշեցինք, որ անպայման ավարտին հասցնենք առաջնությունը»,-ասում է Գյոլեցյանը:
Ընթացիկ առաջնությունում «Հայասան» 7 խաղից հետո ունի նույնքան հաղթանակ և 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղում գտնվող «Փյունիկ-աղջիկներ» թիմին գերազանցելով 8 միավորով: Գյոլեցյանի խոսքով կանանց ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտություն է, որ մրցակցությունը մեծ լինի:
«Ներկա պահին մյուս թիմերն էլ են ուժեղանում: Մեզ պետք է դա: Ներկայիս իրավիճակն ամեն տեսակետից խանգարում է: Բարձր կարգի ֆուտբոլիստներ, լեգիոներներ բերելը դժվարանում է այս պայմաններում: Հիմա 3 լեգիոներ ունենք, բայց պետք է ավելացնենք: Մեր ու մյուս ակումբների տարբերությունը երևի այն է, որ մենք ունենք միայն կանանց ակումբ: Մյուս ակումբները հիմնականում լիցենզիայի պահանջի համար են կանանց թիմ պահում, բայց մենք ներդրումները միայն կանանց ֆուտբոլի մեջ ենք անում ու դա ենք զարգացնում: Մեզ համար արդյունքը ավելի կարևոր է: Հիմա արդեն կան թիմեր, որոնք սկսել են լեգիոներներ բերել ու ուժեղացնել թիմերը»,-ասում է Գյոլեցյանը:
Խոսելով կանանց աշխարհի գավաթի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի ելույթների մասին՝ «Հայասայի» սեփականատերը հույս է հայտնում, որ մի քանի տարից անց կունենանք ավելի մրցունակ հավաքական.
«Կամաց-կամաց պետք է լավանա: Մանկապատանեկանների վրա պետք է աշխատանք տարվի, որպեսզի երբ այդ երեխաները մեծանան, ունենանք 8-10 տարի խաղացած ֆուտբոլիստներ: Այդ դեպքում արդեն առաջընթաց կունենանք: Իսկ մեզ մոտ խաղում են 2-3 տարի ֆուտբոլով զբաղվող աղջիկները: Լուրջ արդյունքներ սպասել չի կարելի, կարելի է մարզչական կազմը փոխելով հաջող խաղալ, բայց լուրջ արդյունքներ սպասելը դժվար է: Այսօրվա 17 տարեկանների հավաքականից մի քանի տարի անց կարելի է ինչ-որ բաներ սպասել»,-ասում է Արտակ Գյոլեցյանը: