Հունվարի 16-ին հայտնի է դարձել, որ Ռաֆայել Բենիտեսը հեռացվել է «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնից: Իսպանացի մասնագետը 2021 թվականի ամռանն էր գլխավորել անգլիական ակումբը:
Հեռացումից հետո Բենիտեսը դիմել է երկրպագուներին.
«Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում էին ինձ հենց սկզբից: Մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու, գիտեինք, որ սա մեծ մարտահրավեր է էմոցիոնալ և մարզական առումով: Իմ սերն այս քաղաքի և իր բնակիչների հանդեպ ստիպեց ինձ ընդունել այս մարտահրավերը: Խնդիրների մասշտաբայնությունը պարզ է դառնում միայն ներսից: Առաջին իսկ օրվանից ես ու իմ թիմն աշխատել են լիարժեք նվիրումով: Մենք ցանկանում էինք ոչ միայն հաջողությունների հասնել, այլև գրավել մարդկանց սրտերը:
Իրավիճակը վատթարացրեց ֆինանսական դրությունն ու վնասվածքների շարքը: Վստահ եմ՝ մենք կարող էինք ամեն բան ուղղել, եթե սպասեինք ֆուտբոլիստների վերականգնմանը, ինչպես նաև մի քանի նոր ֆուտբոլիստների ձեռք բերեինք: Հաջողության տանող ճանապարհը բարդ է. ցավոք, ժամանակակից ֆուտբոլում ավելի քիչ է համբերությունը, քեզնից րոպեական արդյունքներ են ակնկալում:
Ամեն դեպքում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը, անձնակազմին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին»,- ասվում է «Էվերթոնի» պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ:
«Էվերթոնը» ԱՊԼ-ի վերջին 13 խաղում միայն 1 հաղթանակ էր տարել: 19 տուրից հետո թիմը 19 միավոր է վաստակել ու զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը: