Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (First Armenian Front) շարժման անդամները երեկ անցկացրին «ՖԱՖ- Տարվա համակրանք» մրցանակաբաշխությունը:
2021 թվականի արդյունքներով այս մրցանակին արժանացավ Հայաստանի հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Հարոյանն Իսպանիայից տեսակապով միացավ միջոցառմանը և նշեց. «Շատ հաճելի է, որ արժանացել եմ այս մրցանակին: Մեծ պատասխանատվություն է, որ երկու մրցանակին էլ ես արժանացա՝ թե՛ ֆուտբոլի ֆեդերացիայի և թե՛ ՖԱՖ-ի կողմից: Շատ շնորհակալ եմ»:
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատը», որը հիմնադրվել է 2007 թվականին, այս տարի բոլորում է իր գործունեության 15-ամյակը: ՖԱՖ-ի հիմնադիր-անդամ Սերգեյ Ջանջոյանը փաստեց՝ այս 15 տարիների ընթացքում ՖԱՖ-ը միշտ եղել է շատ ակտիվ և դոմինանտ.
«Սա պատկառելի տարիք է ոչ միայն ուղղակի ֆուտբոլային ֆան-ակումբի, այլև երիտասարդ շարժման, կազմակերպության համար, որն այս 15 տարիների ընթացքում եղել է շատ ակտիվ ու դոմինանտ: Տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ ենք նախատեսում անցկացնել մեր հոբելյանի առթիվ, բայց մինչ այդ մեկնարկելու է Ազգերի լիգայի խաղարկությունը, որը մեզ համար շատ կարևոր և առանցքային իրադարձություն է: Ազգերի լիգային ներդնելու ենք մեր ողջ ներուժը՝ թիմին աջակցելու համար: Մեր երազանքներն ապրում են, մենք պետք է գնանք այդ ուղղությամբ:
Եկեք տարվա ընթացքում միմյանց հանդեպ ավելի հանդուրժող լինենք, քանի որ առանց դրա, առանց միասնականության մենք հաջողություն չենք կարող գրանցել: Կարծում եմ՝ սա այն հատկանիշն է, որ մեր ազգին պակասում է»,- եզրափակեց իր խոսքը Սերգեյ Ջանջոյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ և երկրպագուներ:
Արմեն Մելիքբեկյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց՝ 2022 թվականին թե՛ ֆեդերացիան, թե երկրպագուները պետք է փոխադարձ պահանջատեր լինեն.
«Շատ ուրախ եմ գտնվել այստեղ: 2021 թվականը շատ բարդ ու հետաքրքիր տարի էր հայկական ֆուտբոլի համար, բայց ես հուսամ՝ մենք նոր սկիզբ կունենանք 2022-ին, կպայքարենք բոլոր ճակատներով և ես բոլորին ցանկանում եմ՝ հնարավորինս ներառական լինել:
Կոչ եմ անում սատարել ոչ միայն Հայաստանի ազգային հավաքականին, այլև այն բոլոր հավաքականներին, որոնք հանդես են գալիս Երևանում կամ մարզերում: Մարզերը պատահական չասացի. Արմավիրում մարտի 24-ին կկայանա Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության Հայաստան-Ուկրաինա խաղը: Բոլորին հրավիրում եմ այդ խաղին՝ աջակցելու մեր երիտասարդայան հավաքականին»,- նշեց ՀՖՖ նախագահը:
Նշենք՝ միջոցառման ընթացքում մրցանակ շնորհվեց նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիայի» երիտասարդ ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանին՝ որպես տարվա հայտնություն, ինչպես նաև հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանին՝ որպես նախորդ տարվա ՖԱՖ-համակրանք:
Մրցանակների արժանացան նաև տարվա ընթացքում աչքի ընկած լավագույն ֆաֆ-ականները: