2010 թ-ի հուլիսի 11-ին Իսպանիայի թագավորությունում և ամբողջ աշխարհում բոլորը սրտատրոփ սպասում էին աշխարհի առաջնության եզրափակչին: Գլխավոր խաղում պատվավոր ավարը պետք է վիճարկեին Իսպանիայի ու Նիդերլանդների հավաքականները: Խաղն անցավ գերլարված պայքարում ու խաղի 90 րոպեն բավարար չեղավ հաղթողին որոշելու համար: Նիդերլանդների հավաքականը կարող էր հաղթել, սակայն Արիեն Ռոբենը 2 անգամ «մահացու» դիրքից վրիպեց, իսկ Ինիեստան 116-րդ րոպեին խփելով խաղի միակ գոլը՝ Իսպանիային 1-րդ անգամ պարգևեց Աշխարհի չեմպիոն հռչակվելու բերկրանքը:

2012 թ-ին Իսպանիան շարունակեց հաղթարշավը: Հուլիսի 1-ին կայացած եզրափակչում Իսպանիայի մրցակիցը «սկուադրա աձուրան» էր: Գլխավոր խաղում աշխարհի ու եվրոպայի գործող չեմպիոնները ջախջախեցին իտալացիներին` հաղթելով 4-0 հաշվով:

Դրան հաջորդող, Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Իսպանիան 1/8 եզրափակչում 0-2 հաշվով պարտվեց Իտալիային ու դուրս մնաց հետագա պայքարից, չնայած, որ ֆավորիտների ցանկում էր:

Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր Իսպանիան հեշտությամբ նվաճեց: Խմբային փուլում ընդգրկված լինելով Շվեդիայի, Նորվեգիայի, Ռումինիայի, Ֆարերյան կղզիների ու Մալթայի հետ, «կարմիր ֆուրիան» տոնեց 8 հաղթանակ ու խաղաց 2 ոչ-ոքի:
Ընտրական փուլն Իսպանիան սկսեց Լուիս Էնրիկեի գլխավորությամբ, սակայն Էնրիկեի ընտանիքում ողբերգություն տեղ ունեցավ. քաղցկեղից զոհվեց Էնրիկեի 5-ամյա դուստրը: Մարզիչը հեռացավ հավաքականից, իսկ նրան փոխարինեց Ռոբերտ Մորենոն: Մորենոն դարպասը 10 խաղից 6-ում վստահեց Կեպա Արիսաբալագային, 3-ում՝ Դե Խեային, 1 խաղում էլ Պաու Լոպեսին: 10 խաղում Մորենոյի թիմը միջինում խփեց 3-ից ավելի գոլ: Հետաքրքիր է, որ թիմում ընդգծված ռմբարկու չկար. Ռամոսը, Ռոդրիգոն ու Մորատան խփեցին 4-ական գոլ, 3-ական անգամ աչքի ընկան Մորենոն ու Ալկասերը, ինչը վկայում է Իսպանիայի՝ թիմային ֆուտբոլի խաղալու փաստը:

Ընտրական փուլի ավարտից հետո Էնրիկեն վերադարձավ հավաքական՝ շարունակելու կիսատ թողած գործը, բայց Մորենոն չմնաց Էնրիկեի մարզչական շտաբում, քանի որ նախկինում ցանկություն էր հայտնել գլխավորել ընտրանին մինչ Եվրո-2020-ի ավարտը: Այդ մասին Էնրիկեն հայտնեց հավաքականը գլխավորելուց հետո.
«Սա հատուկ օր է իմ և իմ ընտանիքի համար, քանի որ ես վերադարձել եմ ավարտին հասցնելու կիսատ թողած գործս։ Կարծում եմ՝ շատ բան ունեմ պարզաբանելու։
Իմ և Մորենոյի միջև հակասությունն առաջացել է մի մարդու կողմից, ով երկար ժամանակ աշխատել է իմ շտաբում։ Միակ պատասխանատուն, որ Մորենոն իմ շտաբում չէ, ես եմ։
Անհամաձայնությունը առաջացավ սեպտեմբերի 12-ին, երբ նա իմ տանն էր։ Նա ասաց, որ ուզում է գլխավորել թիմը ԵՎՐՈ-2020-ում և նոր միայն դրանից հետո պատրաստ է դարձյալ դառնալ իմ օգնականը։
Դա չզարմացրեց ինձ, քանի որ ես գիտեմ, որ նա ամբիցիոզ է, բայց նա անհավատարիմ է, ու դա ամենամեծ ազդեցությունն է իմ որոշման վրա։ Ես ասացի նրան, որ նա այլևս չի աշխատելու իմ թիմում»,-ասել է Էնրիկեն:

Դժվար է ասել, թե ինչպիսի ֆուտբոլ կցուցադրի ԵՎՐՈ-ի ընթացքում «կարմիր ֆուրիան», բայց Էնրիկեի ու Մորենոյի գլխավորությամբ Իսպանիան գրեթե նույն ֆուտբոլն էր խաղում: Նմանատիպ իրավիճակում Իսպանիան հայտնվեց 2018 թ-ի աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ. արդյունքը՝ ձախողումն էր:
Իսպանիային, ինչպես միշտ պետք է դասել ֆավորիտների ցանկում, բայց այս անգամ՝ ոչ ընդգծված:
Էնրիկեն, եթե չդավաճանի իր սիրած մարտավարությանը, կխաղա 4-3-3 սխեմայով:
Դարպասում Էնրիկեն ընտրության հնարավորություն կունենա: Դե Խեան և Կեպա Արիսաբալագան կլինեն հավաքականի հիմնական դարպասապահները: Պաշտպանության կենտրոնում Ռամոսի կողքին կարող են լինել Ինիագո Մարտինեսը, Ռաուլ Ալբիոլը կամ Մարիո Հերմոսոն: Աջ եզրում իր ուրույն տեղն ունի Դանի Կարվախալը, իսկ ձախ եզրում կլինի Ժորդի Ալբան: Վերջինիս կարող են փոխարինել Խուան Բերնատը կամ Խոսե Գայան:
Կիսապաշտպանության հենակետային գոտում ամենայն հավանականությամբ կլինի «Մանչեսթեր Սիթիում» հիմնական տեղն ունեցող Ռոդրին: Բուսկետսը կդիտվի այլընտրանքային տարբերակ: Մյուս 2 տեղի համար մրցակցությունը մեծ է. Պարեխո, Սաուլ, «Բավարիայում» հրաշալի մարզավիճակում գտնվող Տիագո Ալկանտարա, Ֆաբիան Ռուիս, երկրորդ շնչառությունը վերգտած Սանտի Կասորլա և իսպանական ֆուտբոլի ծագող աստղ Դանի Օլմո:

Հարձակման գծում Էնրիկեն լայն ընտրության հնարավորություն չի ունենա: Հավաքականի կազմում կլիեն Ալվարո Մորատան, Ռոդրգոն, Ժերար Մորենոն, Պակո Ալկասերը, որը շատ քիչ խաղաժամանակ է ստանում Դորտմունդի «Բորուսիայում»: Առջևի գծում կարող են օգտակար լինել Իսկոն և Ասենսիոն, ով նոր է ապաքինվում ծանր վնասվածքից ու դեռ պետք է լավ մարզավիճակ հավաքի: Շարունակում է վնասվածքից ապաքինվել Դիեգո Կոստան: Վերջին անգամ հավաքականի մարզաշապիկ բրազիլական արմատներով իսպանացին հագել է 2018 թ-ի աշխարհի առաջնության՝ Իսպանիա-Ռուսաստան խաղի ժամանակ:
Այս պահի դրությամբ հավաքականի կազմում շատ են վնասվածք ունեցող ու վատ մարզավիճակում գտնվող խաղացողները, բայց դեպքերի բարեհաջող զարգացման դեպքում, Իսպանիան, միանշանակ, կլինի հաղթողի հավակնորդներից մեկը: