Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել են Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած Եվրոպայի ավանդական կարատեի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած Միխայիլ Մխիթարյանին, Նիկո Պողոսյանին և Վարդան Ղալայանին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզիկներին դիմավորելու էին եկել ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը, ԱՀ օլիմպիական կարատեի և ավանդական կարատեի ֆեդերացիաների նախագահ Լեռնիկ Ղալայանը, սպորտի բնագավառի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատները, համաքաղաքացիներ։
Առաջնությունում 21-35 տարեկանների անհատական կատա մրցաձևում առաջին տեղը գրաված 22-ամյա Միխայիլ Մխիթարյանը 18 տարի է՝ ինչ զբաղվում է այս մարզաձևով :
«Դժվար էր ոսկե մեդալ նվաճելը, քանի որ մրցակիցներս լավ էին պատրաստվել: Սակայն ավելի դժվար էր Եվրոպայի ավանդական կարատեի գործող չեմպիոնի տիտղոսը պահելը, բայց այն ինձ մոտ ստացվեց. կրկին ոսկե մեդալ բերեցի Արցախ: Շարունակելու եմ մարզվել, որպեսզի հաջորդ տարի նորից դառնամ չեմպիոն», — նշեց Մխիթարյանը:
18-20 տարեկանների անհատական կատա մրցաձևում երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած Նիկո Պողոսյանը առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը և վստահ է, որ հաջորդ անգամ չեմպիոնի մեդալով կվերադառնա, քանի որ մարզվում է՝ բարձրացնելու պատրաստվածության մակարդակը:
Մարզիկները պատրաստվում են հաջորդ տարի Լեհաստանում կայանալիք աշխարհի ավանդական կարատեի առաջնությանը: