«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարին մասնակցում էին նաև ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանն ու «Արմենպրես» լրատվական գործակալության մարզական լրագրող Վարվառա Հայրապետյանը։
Գևորգ Ղազարյանի խոսքով, ինքը վերջին անգամ 2019 թվականին էր վազքի մրցման մասնակցել՝ Երևան մարաթոնին։ Դրանից հետո շատ քիչ մարզվել է․
«Քանի որ ընդհանրապես չէի մարզվել, շատ բարդ էր։ Երբևիցե այսքան ծանր չէի մարզվել, բայց գոհ եմ ինձնից․ եթե վազել եմ, նշանակում է՝ մեջս մի բան մնացել է։ Նշանակում է՝ դեռ կարող եմ մարզվել։
Պրոֆեսիոնալ մարզիկնե՞րը․ մրցման ընթացքում իրենց չես էլ տեսնում, իրենք դիմացից են վազում, գիտես, որ իրենք շատ-շատ առաջ են։ Բոլոր նրանք, ովքեր սիրողական են վազում, ամբողջ ճանապարհի ընթացքում իրենք իրենց պետք է հաղթահարեն․ դա նման է նրան, երբ 6-րդ կմ-ի վրա տեսնում ես մեկին, ով կանգնել է, մտածում ես՝ կարո՞ղ է ես էլ կանգնեմ։ Պետք է հաղթահարես»,- ասում է Գևորգ Ղազարյանը։
Լրագրողը նաև նշում է, որ վազքի մրցումը Էջմիածնում անցկացնելու գաղափարը հիանալի էր․
«Նման մրցաշարերի անցկացումը շատ եմ կարևորում։ Ինքներդ էլ տեսնում եք, թե Էջմիածնի բնակչությունն ինչքան ոգևորված է, ինչքան մարդ է հավաքվել։ Սովորաբար, վազքի մրցումները Երևանում են անցկացվում, բայց այսպես ինձ ավելի դուր եկավ»։

Վարվառա Հայրապետյանն էլ ընդգծում է՝ 10 կմ մրցատարածությունը հաղթահարելը բավականին բարդ էր․ հիմա մտնում են մարզիկների կաշվի մեջ ու հասկանում՝ գոնե վազելը շատ դժվար է․
«Նախ ուզում եմ նշել, որ նման միջոցառումները շատ կարևոր են սիրողական վազքով զբաղվող մարդկանց համար։ Նախ ինքնաարտահայտման, ինքնակայացման ու ինքներս մեզ մարտահրավեր նետելու միջոց է։ Նոր մշակույթ է ձևավորում մեզ՝ ոչ մարզիկներիս համար, նաև վազքով զբաղվելու։ Եթե անկեղծ, 10 կմ-ը դժվար էր, քանի որ երկար ժամանակ չէի վազել։ Ամեն դեպքում, թող սա օրինակ լինի նրանց համար, ովքեր սովորաբար վազում են, բայց նման մրցումների չեն մասնակցում։ Սա՝ որպես այդպիսին, իմ առաջին մրցումն էր։ Հիմա մտնում ենք մարզիկների կաշվի մեջ ու հասկանում, որ գոնե վազելը շատ դժվար է»։

«Արմենպրես» լրատվական գործակալության մարզական լրագրողն ասում է՝ ինքը սովորաբար առավոտյան է վազում․ քովիդով պայմանավորված լոքդաունի ժամանակ 22 կմ է վազել, որը կիսամարաթոնի տարածություն է․
«Բայց դա 2020 թվականին էր։ Դրանից հետո այսքան երկար տարածություն չէի վազել»։
Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը՝ 15 մլն դրամ մրցանակային հիմնադրամով, անցկացվեց երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Երևան-Էջմիածին ճանապարհին։