«Բարսելոնան» աշխատում է նոր մարզիչ գտնելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ այդ պաշտոնի հիմնական թեկնածուները Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն ու «Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին են։
Նշվում է, որ Մարտինեսի պայմանագիրը Բելգիայի հավաքականի հետ ուժի մեջ է մինչև 2022-ի դեկտեմբեր։ Բայց «Բարսելոնային» չեն վախեցնում Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ վաղաժամ պայմանագրի լուծարման մասին հնարավոր բանակցությունները։
Եթե «Բարսելոնան» ընտրի Մարտինեսին ու ստանա նրա համաձայնությունը, ապա կատալոնական ակումբը կվճարի մարզչի 1,8 մլն եվրո հրաժարագինը։
Ի տարբերություն Ռոնալդ Կումանի՝ Նիդերլանդների հավաքականից հեռանալուն, «Բարսելոնան» հիմա պատրաստ է այս վճարն իր վրա վերցնել։ Հիշեցնենք, որ հանուն «Բարսա» տեղափոխության Կումանը 6 մլն եվրո էր վճարել Նիդերլանդների ֆուտբոլային միությանը։