Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Ռեյնջերսի» դեմ պատասխան խաղն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքի, սակայն մրցակցի հարկի տակ կրած նվազագույն հաշվով պարտությունը որոշիչ եղավ ու մեր թիմը դուրս մնաց մրցաշարից, բայց պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
Երևանյան խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն ասաց հետևյալը․
«Այսօր կայացած խաղի համար շնորհակալություն եմ հայտնում տղաներն։ Հայաստանում աշխատած տարիներիս ընթացքում առաջին անգամ եմ ասում այս հերթապահ արտահայտությունը։ Հպարտանում եմ նրանցով։ Խաղալ «Ռեյնջերսի» պես հզոր թիմի դեմ, մեկ խաղակեսն անցկացնել տասը հոգով, հարձակվել ու ոչ-ոքի ավարտել խաղը, հերոսություն է։
Բոլորս մեծ հաճույքով հետևում ենք Հայաստանի հավաքականի հաջողություններին, բայց այս հաղթանակներում ակումբի գործոնն է, մենք ևս կենտրոնացած ենք հաղթանակների վրա։ Հայաստանում տեղի ունեցած պատերազմը հազարավոր երիտասարդների կյանք խլեց, որոնք իրենց կյանքը տվեցին մեզ համար, սա համախմբում է նաև ֆուտբոլիստներին, որոնք թեկուզ խաղադաշտում փորձում են հաղթանակներ բերել երկրին։
Հասկանում ենք, որ կազմի համալրում է մեզ պետք երկու ճակատով խաղալու համար։ Բայց մեզ որակյալ համալրումներ են պետք, իսկ նրանց գտնելը հեշտ չէ։ Ամեն դեպքում աշխատանքներ տարվում են։ Հայաստանի առաջնությունն ուժեղացել է ու համալրումներ մեզ շատ են պետք։
Հայաստանի առաջնությունում երկար եմ պլանավորում մնալ։ Բայց ամեն պահի ինչ-որ բան կարող է փոխվել»։