Եվրոպա լիգայի որակավորման փլեյ–օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»։
Առաջին կեսն անցավ տանտերերի խաղային և տարածքային առավելությամբ, սակայն Շոտլանդիայի չեմպիոնին չհաջողվեց գրավել երևանյան թիմի դարպասը: Առաջին խաղակեսի ավարտից 2 րոպե առաջ շոտլանդական թիմի կիսապաշտպան Լունդսրամը 2-րդ դեղինը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:
Երկրորդ կեսում Հայաստանի չեմպիոնը համեմատաբար ավելի շատ էր տիրում գնդակին ու նույնիսկ մեկ-երկու վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ: Տանտերերը մի քանի անգամ լավ շանս ունեին Չանչարևիչի պաշտպանած դարպասը գրավելու, սակայն «Ալաշկերտի» պաշտպանները կարողանում էին վերջին պահել հեռացնել գնդակը, մի քանի դրվագում էլ գնդակը հրաշքով չհայտնվեց երևանյան թիմի դարպասում: 68-րդ րոպեին աջ եզրում գնդակը հայտնվեց տանտերերի հարձակվող Մորելոսի մոտ, վերջինս մտնելով տուգանային հրապարակ, Չանչարևիչի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը: Գրոհի ընթացքում մեր թիմի պաշտպանները շտապեցին, մտածելով, թե մրցակցի ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում է, սակայն մրցավարն այլ կարծիքի էր ու արձանագրեց դարպասի գրավումը։
Այսպիսով, «Ալաշկերտը» նվազագույն հաշվով պարտություն կրեց դիմակայության առաջին խաղում․ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 26-ին՝ Երևանում: