Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Չելսի» — «Վիլյառեալ» հանդիպումը։
Միմյանց կհանդիպեն Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի գործեղ չեմպիոնները։

Այս խաղում առաջին հայացքից ֆավորիտն անգլիական ակումբն է։ ՉԼ-ն հաղթելուց հետո Տուխելի թիմում գրեթե փոփոխություններ չկան (դե, Ժիրուն է հեռացել, սակայն դա այս պահին շատ մեծ կորուստ չէ)։ Նախամրցաշրջանային փուլում էլ, ընկերական խաղերում, լոնդոնյան թիմը բավականին թարմ է երևում, չնայած նրան, որ ֆուտբոլիստների մեծ մասը մասնակցել է Եվրո-2020-ին։ Դեռ հարցական է՝ արդյոք այսօր Թոմասը խաղադաշտ դուրս կբերի ամբողջովին մարտական կազմ, թե ոչ, չնայած․․․ «Վիլյառեալն» իր հերթին այս խաղին մոտենում է բավականին լուրջ կորուստներով, այդ թվում կբացակայեն թիմի առաջատարներից Պարեխոն և Չուկվեուզեն։ Այնպես որ, հետաքրքիր է՝ կկարողանա՞ այսօր Էմերին ինչ-որ նոր, հետաքրքիր մարտավարությամբ իր խաղը թելադրել «Չելսիին»։
Եվս մեկ փաստ ոչ հօգուտ Միստր Եվրոպա Լիգայի՝ Ունաի Էմերիի․ չնայած իսպանացի մասնագետը ամենահաջողակն է ԵԼ-ում, սակայն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում նա երբեք չի հաղթել, իսկ «Վիլյառեալի» դեպքում՝ իսպանական ակումբն առաջին անգամ է պայքարելու այս տիտղոսի համար։
Իսկ ահա «արիստոկրատները» 4 անգամ պայքարել են այս գավաթի համար, սակայն հաջողվել է հաղթել միայն մեկ անգամ՝ 1998 թվականին։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Վիլյառեալի» հետ հանդիպման սպասելիքներով:
«Ինչպե՞ս կարող ես նոր մրցաշրջանը սկսել ավելի լավ, քան հաջորդ եվրո-եզրափակիչով: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Ունայ Էմերիին և «Վիլյառեալին»: Եվրոպա լիգայի գավաթը շուտով կվերանվանվի Ունաի Էմերիի գավաթ: Նա անհավանական է: Վստահ եմ, որ մրցակիցը հանդիպմանը կմոտենա այն զգացումով, որ կորցնելու բան չունի: Ամեն ինչ կանենք գավաթը նվաճելու համար», — Տուխելի խոսքերն է մեջբերում ՈEFԵՖԱ -ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին 4 անգամ հաղթել է Եվրոպա լիգան:
«Միայն հաջորդ մարզումից հետո կարող ենք վստահ լինել կազմի հարցում: Պարեխոն, Կոկլենը և Չուկվուեզեն հաստատ չեն խաղա: Որոշ ֆուտբոլիստներ ոչ մի րոպե չեն մարզվել: Թերևս նրանք խաղը կսկսեն պահեստայինների նստարանից: Մենք պետք է հարմարվենք հանգամանքներին: Մենք վնասվածքներ ունեինք, բայց նախորդ մրցաշրջանում հաղթեցինք Եվրոպա լիգան։
«Չելսիի» ֆուտբոլիստները հասել են Եվրո-2020-ի և Օլիմպիական խաղերի վերջին փուլերին, բայց ես ակնկալում եմ ուժեղ մեկնարկային կազմ մեր դեմ խաղում: Մենք հպարտ ենք, որ խաղում ենք նրանց դեմ: Մենք կհարմարվենք: Մենք շատ խաղացողներ ունենք, ովքեր ցանկանում են այստեղ ցուցադրել իրենց ուժն ու վարպետությունը», — Էմերին մեջբերում է ՈւԵՖԱ -ի պաշտոնական կայքը:
«Չելսի» — «Վիլյառեալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00։