«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեսը պատմել է, որ կատալոնական ակումբը պայմանագրի խզման մասին իրեն տեղեկացրել է էլ․փոստով։
«Ես չգիտեի, որ պայմանագիրս խզվելու է։ Երբ ինձ տեղեկացրին այդ մասին, չէի կարողանում հավատալ տեղի ունեցողին։ Ես տանն էի, ինձ ակումբից հաղորդագրություն եկավ հարցով՝ դա ի՞մ էլ․փոստի հասցեն է։ Հաստատեցի, իսկ հետո նամակ ստացա, որ պայմանագիրս խզված է։
Չհասկացա, դրա համար նամակն ուղարկեցի մենեջերիս ու փաստաբանիս։ Նրանք ասացին, որ պայմանագիրն իսկապես խզված է։ Անցավ ժամանակ, ու անունս հայտնվեց մամուլում։ Ոչ խոսակցություն, ոչ մի բան, «Բարսելոնայից» նույնիսկ չզանգեցին, որ հրաժեշտ տան։ Փոքր ժամանակ միշտ երազում էի խաղալ «Բարսելոնայում»։ Բայց երբ հայտնվեցի այդ ակումբում, ինձ ֆուտբոլիստի պես չէին վերաբերվում։
Ես «Բարսելոնայի» խաղացող էի ու ուզում էի, որ ինձ թիմի ֆուտբոլիստի պես վերաբերվեն։ Այլ ֆուտբոլիստների տրանսֆերից հետո նրանց շնորհանդեսն էր լինում, իսկ ես չունեցա դա։ Վշտացած էի»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում The Sun-ը։
Մատեուս Ֆերնանդեսը պատրաստվում է դատի տալ «Բարսելոնային» պայմանագիրը վաղաժամ խզելու համար։