24-ամյա պաշտպան Հաշմին Մուսան, որը հանդես է գալիս Գանայի առաջնության «Ինտեր Էլլիս» ակումբում, խոստովանել է, որ ինքը ստիպված է եղել երկու անգամ գրավել սեփական թիմի դարպասը, որպեսզի խափանի պայմանավորված խաղի անցկացումը։ Այս մասին գրում է Give me Sport-ը։
Ֆուտբոլիստը փոխարինման է մտել ու երկու ինքնագոլ հեղինակել վերջին 12 րոպեներին, ինչի արդյունքում իր թիմը 0-7 հաշվով պարտություն է կրել։ Այդ ինքնագոլերի տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում, քանի որ ֆուտբոլիստն անգամ չի փորձում ձևացնել, թե գոլերն անզգուշորեն և պատահաբար է ուղարկում սեփական դարպասը։
«Խաղից հետո իմ թիմն ինձ գովեց այն բանի համար, ինչ ես արեցի։ Մարզչիս խոստացա, որ եթե նա ինձ թույլ տա դուրս գալ խաղադաշտ, ապա ես կփչացնեմ պայմանավորվածությունը։ Բանն այն է, որ ես մեր հյուրանոցում լսել էի, որ խաղադրույք էր կատարվել իմ թիմի 1-5 հաշվով պարտության վրա։ Որոշեցի փչացնել այդ խաղադրույքը, քանի որ ընդհանուր առմամբ կողմ չեմ այդ գործունեությանը»,- ասել է ֆուտբոլիստը խաղից հետո։
Նշենք՝ սա մրցաշրջանի վերջին հանդիպումն էր ու Մուսայի թիմն արդեն իսկ դուրս էր մնացել Գանայի Բարձրագույն լիգայից։Անձամբ ֆուտբոլիստը նորից փոխարինվել է խփած երկու ինքնագոլերից հետո։ Ակումբն իր հերթին հերքել է, թե խաղը պայմանավորված բնույթ է կրել, իսկ Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հետաքննություն է սկսել այս միջադեպի առիթով։