Կանադացի լրագրող Ֆիլիպ Հերշը առաջարկել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էլիզաբեթ Տուկտամիշևային հանձնել Կանադայի քաղաքացիություն, որը թույլ կտա գեղասահորդուհուն ներկայացնել հյուսիսամերիկյան ընտրանին միջազգային մրցաշարերում: Նա ասել է, որ ռուս գեղասահորդներին կարող է հետաքրքրել նատուրալիզացման գաղափարը:
Ինչո՞ւ․․․ Ռուսաստանում տաղանդավոր գեղասահորդուհիները շատ են․․․ Տրուսովա, Զագիտովա, Կոստորնայա, Շերբակովա, և դա միայն այսբերգի գագաթն է։ Նույնիսկ Ռուսաստանի 30-45-րդ գեղասահորդուհին կարող է ուժեղացնել եվրոպական ցանկացած այլ հավաքականի կազմը։

Ռուսաստանի գեղասահքի կանանց հավաքականը ներկայացրել է Եվրոպայի առաջնությանը մասնակցողների կազմը։ Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Ռուսաստանի վերջին առաջնության մեդալակիրները` Աննա Շերբակովան, Ալյոնա Կոստորնայան և Ալեքսանդրա Տրուսովան, որպես պահեստային կմեկնեն Ելիզավետա Տուկտամաշիևան և Անաստասիա Գուլյակովան: Հավաքականից բացակայում են Օլիմպիական չեմպիոն Ալյոնա Զագիտովան և արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան: Ռուսական հավաքականում մրցակցությունն այնքա՜ն բարձր է, որ ստացվում է Զագիտովայի և Մեդվեդևայի կարգի գեղասահորդուհիները կարող են նույնիսկ չընդգրկվել հավաքականում: Իհարկե, արդարացիորեն, նոր սերունդն ավելի լավն է այս պահին։ Բայց որքա՜ն շատ են տաղանդավոր գեղասահորդուհիները։
Ընդամենը մի քանի օրից Եվրոպայի առաջնությունում մենք կտեսնենք ռուս գեղասահորդուհների, ովքեր չեն ներկայացնում Ռուսաստանը: Օրինակ, Եկատերինա Ռյաբովան, Վիկտորիա Սաֆոնովան և Եկատերինա Կուրակովան կներկայացնեն համապատասխանաբար Ադրբեջանի, Բելառուսի և Լեհաստանի հավաքականների ընտրանիները:
Հիմա պատկերացնենք, որ ռուս մյուս գեղասահորդուհիները ևս սկսեն ներկայցնել տարբեր երկրներ: Եվ ի՞նչ, Եվրոպայի և Աշխարհի առաջնությունները կվերածվեն Ռուսաստանի առաջնությունների՞: