Լոզանի մարզական արբիտրաժային դատարանում (CAS) WADA — ՌՈՒՍԱԴԱ հակադոպինգային վեճը կարող է հետաքրքիր զարգացումներ սատանալ:
CAS-ը շուտով կքննարկի համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) կողմից Ռուսաստանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների արդարացիությունը ու այդ գործընթացին որպես 3-րդ անձ կարող են մի շարք մարզական ֆեդերացիաներ ու աթլետներ մասնակցել:
Коммерсант-ը հայտնում է, որ նրանց մասնակցությունն այդ գործընթացին WADA-ին կստիպի ավելի «մանրակրկիտ» պատասխանել բոլոր հարցերին, որոնք վերաբերում են սանկցիաներին ու կարող են այդ կերպ մեծացնել պատժամիջոցներից շատերի կա՛մ չեղարկման, կա՛մ մեղմացման հավանականությունը:
Այդուհանդերձ հավանական է նաև այն, որ երրորդ անձանց ներգրավումը կձգձգի գործի քննությունը ու այնքան էլ նշանակալի արդյունքներ չի տա: Եթե գործի քննությունը չավարտվի մինչև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերը, որը կմեկնարկի հուլիսի վերջին, Ռուսաստանի հավաքականն այնտեղ կմեկնի լիարժեք կարգավիճակով և կխուսափի հայտացուցակի «ֆիլտրացիայից»: Բայց բացասական արդյունքը միայն կվատացնի իրավիճակը:

Որպես երրորդ անձ գործում ներգրավված լինելու ցանկության մասին արդեն հայտարարել են Ձմեռային սպորտաձևերի ասոցիացիան (այստեղ ընդգրկված են այն ֆեդերացիաները, որոնք զարգացնում են դահուկային սպորտը, սնոուբորդը, ֆրիսթայլը, լեռնադահուկային սպորտը), Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիան, Ռուսաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան, Ռուսաստանի բիաթլոնիստների միությունը և Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Իսկ ТАСС, «РИА Новости» գործակալությունները կազմել են այն մարզիկների ցանկը, ովքեր նույնպես մտադիր են հանդես գալ CAS-ում: Այդ ցանկում ի թիվս այլ մարզիկների, ընդգրկել է նաև սուսերամարտիկ Յանա Եգորյանը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ այս ցանկում ավելի քան 50 մարզիկ կընդգրկվի: