Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Ալաշկերտը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթեց Ուելսի չեմպիոն Կոնաս Կի Նոմադսին և ընդհանուր դիմակայության 3-2 հաշվով հաղթանակով պայքարը կշարունակի հաջորդ փուլում։
Խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։
«Չէի ասի, թե մրցակիցը սպասվածից լավ խաղաց։ Բայց չէի սպասում, որ մեր դարպասին այդքան պահեր կստեղծեին։ Մենք կարգով ավելի բարձր թիմ ենք։ Իհարկե, ուրախ եմ, որ հաղթեցինք, տղաները վերջում բնավորություն ցույց տվեցին, բայց կարծում եմ՝ մրցակիցը ավելի ուժեղ բնավորություն ցույց տվեց, որովհետև նրանք մեր պես հավասարազոր փոխարինողներ չունեին։ Պիտի ասել, որ մեզ շատ պինդ մրցակից էր բաժին հասել։
Այս մրցակցին ուսումնասիրելուց հետո ժամանակ կար ու ուզում էինք «Շերիֆին» ուսումնասիրել, բայց մի գործը չավարտած մյուսին անցելը լավ նշան չէ։ «Շերիֆի» մասին բավականաչափ ինֆորմացիա ունեմ։ Այսօրվա մեր մրցակցի մարզիչն ինձ հարցնում էր մեր խաղացողների աշխատավարձերի մասին։ Ինչու։ Որովհետև սովորաբար աշխատավրձն արտացոլում է ֆուտբոլիստների կարգը։ Իսկ «Շերիֆը» շատ լուրջ մրցակից է, թե՛ պայմաններով, թե՛ խաղացողների մակարդակով։ Բայց, անկեղծ ասած, մենք հենց այդպիսի մրցակիցների հետ ենք ուզում խաղալ»,- ասաց Գրիգորյանը։
ՉԼ երկրորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը կլինի «Շերիֆը»։