ՈՒԵՖԱ-ն հերքել է այն տեղեկությունը, թե Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումն Անգլիայից կարող է տեղափոխվել Հունգարիա․
«ՈՒԵՖԱ-ում երջանիկ են, որ փլեյ-օֆֆի հանդիպումների ժամանակ «Ուեմբլիում» տրիբունաների 50 տոկոսը զբաղեցված կլինի։ Այս պահին մենք բանակցություններ ենք վարում տեղի իշխանությունների հետ, որպեսզի երկրպագուներին թույլատրվի խաղերին այցելել՝ անպայման թեստավորված և Մեծ Բրիտանիայում 24 ժամից ավել չգտնվելու պարտադիր պայմանով, նրանք նաև պետք է տեղաշարժվեն հատուկ տրանսպորտով։
Մենք հասկանում ենք այն ճնշումը, որին ենթարկվում է կառավարությունը, և հույս ունենք, որ կկարողանանք այս հարցի շուրջ քննարկումները հասցնել գոհացնող ավարտի։ Միշտ կա երկրորդ պլան՝ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, բայց մենք վստահ ենք, որ եզրափակիչ շաբաթը կկայանա Լոնդոնում»,- ասվում է ՈՒԵՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ն կարող է Եվրո-ի եզրափակիչ խաղը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտից տեղափոխել Բուդապեշտի «Պուշկաշ Արենա», եթե Բրիտանիան չչեղարկի կարանտինը վիպ հյուրերի համար։