Հայազգի մասնագետ Սարգիս Հովհաննիսյանը, որն ընդգրկված էր «Լոկոմոտիվի» մարզչական շտաբում, հեռանում է մոսկովյան ակումբից հիմնական թիմից՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։ Այս մասին հայտնում է «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքը։
Հովհաննիսյանը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 17-ին Երևանում։ 1994 թվականին նա միացել է «Լոկոմոտիվին», որի կազմում ավելի քան հարյուր հանդիպում է անցկացրել։ Այդ ընթացքում նա երկուական անգամ դարձել է Ռուսաստանի արծաթե և բրոնզե մեդալակիր, ինչպես նաև 1996 թվականին հաղթել է Ռուսաստանի Գավաթում։
2004 թվականից աշխատում էր մոսկովյան ակումբի համակարգում՝ որպես մարզիչ։
fclmnews-ը գրում է, որ Հովհաննիսյանը կմնա ռուսական ակումբում և կզբաղեցնի սկաուտի և վերլուծաբանի պաշտոնը՝ պատասխանատու լինելով երիտասարդ ֆուտբոլիստներ գտնելու գործում։
Հովհաննիսյանին «Լոկոմոտիվի» մարզչական շտաբում կփոխարինի Վեդրան Չորլուկան։ 35-ամյա խորվաթ նախկին ֆուտբոլիստը ռուսական ակումբին կմիանա Եվրոպայի առաջնությունից հետո, որին նա մասնակցում է որպես Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական։