Եվրո-2020-ին հաշված օրեր են մնացել և ArmSport-ը շարունակում է ձեզ ներկայացնել մրցաշարին մասնակցող խմբերն ու պատմել դրանցում ընդգրկված հավաքականների մասին։ Մենք արդեն խոսել ենք A, B և C խմբերի մասին և հիմա հերթը D խմբինն է։
Հիշեցնենք, որ ԵԱ-ին մասնակցում են 24 հավաքականներ, որոնք բաժանված են 6 խմբի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ։
🇭🇷 «Վանդակավորները/Կրակոտները»
Գլխավոր մարզիչ՝ Զլատկո Դալիչ
Լավագույն արդյունքը՝ ԱԱ փոխչեմպիոն (2018)
ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 14-րդ տեղ
Խորվաթիայի հավաքականը գործունեությունը սկսել է 1990 թվականից։ Դեռևս ոչ պաշտոնական համարվող հավաքականն առաջին անգամ անցկացրել է 3 ընկերական խաղ ԱՄՆ, Ռումինիայի և Սլովենիայի հավաքականների հետ և հաղթել բոլոր խաղերում։ Հենց այս խաղերում էլ խորվաթներն առաջին անգամ խաղացին իրենց այցեքարտը համարվող կարմիր-սպիտակ վանդակավոր մարզաշապիկներով։
1992 թվականին Խորվաթիայի հավաքականը մտավ ՖԻՖԱ-ի կազմի մեջ ու իր առաջին պաշտոնական խաղերն անցկացրեց Ավստրալիայի ընտրանու դեմ։
Այս թիմն իր առաջին պաշտոնական խաղերը Եվրոպայի առաջնությունում անցկացրել է 1996 թվականի առաջնության ընտրական փուլում, ինչի արդյունքում խորվաթները դուրս եկան մրցաշարի եզրափակիչ փուլ՝ առաջին անգամ մասնակցելու մայրցամաքի գլխավոր միջազգային առաջնությանը։ Հենց այս որակավորման փուլերում էլ Խորվաթիան տարավ իր պատմության առաջին հաղթանակն ու կրեց առաջին պարտությունը պաշտոնական խաղերում՝ 2-0 հաշվով առավելության հասնելով Էստոնիայի ազգային թիմի նկատմամբ ու նվազագույն հաշվով զիջելով ուկրաինացիներին։
Հավաքականի պատմության մեջ ամենահաջողվածը 2018 թվականն էր, երբ թիմը դարձավ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն, իսկ թիմի ավագ Լուկա Մոդրիչը՝ մրցաշարի լավագույն խաղացող։ Մինչ այդ խորվաթները 1998 թվականին դարձել էին ԱԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ թիմի խաղացող Դավոր Շուկերը՝ մրցաշարի լավագույն ռմբարկու։
2002 և 2006 թվականների Աշխարհի առաջնություններին խորվաթները դուրս եկան մրցաշարի եզրափակիչ փուլ՝ առանց գեթ մեկ պարտություն կրելու որակավորման փուլում։
Դեռ վերջերս Խորվաթիայի հավաքականի խաղացողներին անվանում էին «Bilic boys» այսինքն՝ «Բիլիչի տղաներ», բայց հիմա, հազիվ թե, ինչ-որ մեկից նման մականուն լսեք։ 6 տարի թիմի հետ աշխատելուց հետո Սլավեն Բիլիչը հեռացավ, բայց հավաքականի վանդակավոր մարզաշապիկն ու խաղացողների տաք սրտերը մնացին, ինչի արդյունքում էլ նրանք ձեռք բերեցին նոր և մնայուն մականուններ՝ Kockasti (Վանդակավորներ) և Vatreni (Կրակոտներ)։
Աշխարհի փոխչեմպիոնի կազմին լավագույնս ծանոթացանք դեռ մի քանի օր առաջ, երբ Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը չափեց նրանց հետ՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Խորվաթների կազմում վերջին ԱԱ-ից հետո առանձնապես մեծ փոփոխություններ չկան․ թիմի հիմնական կորիզը կազմում են փորձառու ֆուտբոլիստները, այդ թվում՝ Լուկա Մոդրիչը, Իվան Պերիշիչը և վերջերս բավականին լավ մարզավիճակում գտնվող, Սարգիս Ադամյանի թիմակից Անդրեյ Կրամարիչը։ Բայց կան նաև երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք կարող են կրակել այս Եվրոյում, օրինակ՝ երիտասարդ պաշտպան Յոշկո Գվարդիոլը, որը նոր մրցաշրջանը կսկսի «Լայպցիգի» կազմում։
Խորվաթիայի հավաքականը՝ Անգլիայի հետ միասին, խմբից դուրս գալու ֆավորիտ է, սակայն նշել, որ նրանք մրցաշարում ֆավորիտ են, դեռ վաղ է։
🇨🇿 «Narodni Tym»
Գլխավոր մարզիչ՝ Յարոսլավ Շիլհավի
Լավագույն արդյունքը՝ ԵԱ փոխչեմպիոն (1996)
ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 40-րդ տեղ
Չեխիայի հավաքականի հաջողությունները չի կարելի համեմատել Չեխոսլովակիայի հաջողությունների հետ, որը մինչ սոցիալիստական ճամբարի անկումը համաշխարհային ֆուտբոլի վերնախավում էր։ Ավելի ուշ սակայն, ինչպես հայտնի է, Չեխոսլովակիայի հաջողությունները՝ որպես իրավահաջորդ, փոխանցվեցին Չեխիայի Հանրապետությանը։
Չեխոսլովակիայի լուծարումից հետո Չեխիան՝ որպես առանձին հանրապետություն, առաջին պաշտոնական խաղն անցկացրել է Թուրքիայի դեմ՝ Ստամբուլում 4-1 հաշվով առավելության հասնելով նրանց նկատմամբ։
Իսկ առաջին անգամ Չեխիան միջազգային մրցաշարի մասնակցեց 1996 թվականին՝ դառնալով Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Այս հաջողությանը թիմին առաջնորդեց չեխ մարզիչ Դուշան Ուգրինը։ Եզրափակչում չեխերի մրցակիցը Գերմանիայի հավաքականն էր։
Չեխիայի հավաքականն ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել է 2005 թվականին՝ 8-1 հաշվով հաղթելով Անդորրայի ընտրանուն, իսկ ամենախոշոր հաշվով պարտությունը կրել է Անգլիայի հավաքականից 2019 թվականին՝ պարտվելով 0-5 հաշվով։ Ինչպես հայտնի է, անգլիացիներն ու չեխերը հիմա էլ նույն խմբում են ու կարող են վրեժխնդիր լինել նրանցից։
Այս հավաքականի լավագույն ռմբարկուն Յան Կոլլերն է, որն իր ակտիվում ունի 55 գնդակ։ Իհարկե, հիմա չեխերի կազմում չկան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կոլլերը, Նեդվեդը, Բարոշը կամ Չեխը, բայց ներկայիս կազմում էլ կարելի է առանձնացնել նոր դեմքերի և առաջին հերթին, դա վերաբերում է երիտասարդ Հլոշեկին, որի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը» և, իհարկե, ԱՊԼ այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Սոուչեկին։
Չեխիային կարելի է համարել այս մրցաշարի «սև նժույգներից» մեկը, որը կարող է անակնկալ մատուցել առաջնության ընթացքում։
«Թարթանե բանակ»
Գլխավոր մարզիչ՝ Սթիվ Քլարք
Լավագույն արդյունքը՝ ԱԱ և ԵԱ խմբային փուլերին մասնակցությունը
ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 44-րդ տեղ
Ի տարբերություն Չեխիայի՝ Շոտլանդիայից անակնկալ սպասելն այնքան էլ իրատեսական չէ։ Շոտլանդիայի կազմում թերևս ամենավառ աստղը Էնդրյու Ռոբերտսոնն է՝ «Լիվերպուլից», որը չնայած թիմի անհաջող մրցաշրջանին՝ շարունակում էր իր առաջընթացը։ Կարելի է առանձնացնել նաև Կիերան Տիռնիին ու Սկոթ ՄաքԹոմինային, որոնք այս հավաքականի ապագան են։
Նշենք, որ մրցաշարում երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստը շոտլանդացիների դարպասապահ 38-ամյա Քրեյգ Գորդոնն է։
Շոտլանդիայի հավաքականի պատմությունը հետ է գնում մինչև 1872 թվական, երբ այն իր առաջին հանդիպումն անցկացրեց այս խմբում իր մրցակից Անգլիայի ընտրանու դեմ։ Խաղում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասը։
Չնայած նրան, որ Շոտլանդիայի հավաքականն աշխարհի ամենահին հավաքականներից է, այն իր պատմության մեջ երբեք զգալի հաջողությունների չի հասել․ Շոտլանդիան ԱԱ և ԵԱ մրցաշարերում երբեք խմբից դուրս չի եկել և, ինչպես վերևում արդեն նշեցինք, հազիվ թե, այս մրցաշարում կարողանա գրանցել այդպիսի հաջողություն։
Շոտլանդիայի հավաքականի անվանումը՝ «Թարթանե բանակ», կապված է երկրի ազգային վանդակավոր կտորի նախշերի հետ։ Թարթան, նախշ, որն առաջանում է նախապես տարբեր գույներ ներկած թելերի սարժե միահյուսումից։
«Երեք առյուծները»
Գլխավոր մարզիչ՝ Գարեթ Սաութգեյթ
Լավագույն արդյունքը՝ ԱԱ չեմպիոն (1966)
ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 4-րդ տեղ
Անգլիայի հավաքականը D խմբի ակնհայտ ու անվիճելի ֆավորիտն է։ Այս հավաքականը կարելի է դիտարկել նաև որպես մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը։
Անգլիայի հավաքականը բոլոր օղակներում ունի աստղային ֆուտբոլիստներ և առանձնապես սահմռկեցուցիչ է հարձակման գիծը, քանի որ Սաութգեյթը միևնույն դիրքի ընտրության հարցում ունի հաճելի գլխացավանք․ Քեյն, Ռեշֆորդ, Ստեռլինգ, Կալվերտ-Լյուին, Սակա, Գրիլիշը, Սանչո և, իհարկե, Ֆիլ Ֆոդենը, որը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացրել։
Անհրաժեշտության դեպքում, առջևի գծում կարող են խաղալ նաև հրաշալի մրցաշրջան անցկացրած Մեյսոն Մաունթը և Ջուդ Բելինգհեմը։ Ի դեպ, վերջինս Եվրո-2020-ի ամենաերիտասարդ մասնակիցն է, որն իր 18-ամյակը կնշի հենց մրցաշարի ընթացքում։
Եվ, ընդհանրապես, Անգլիայի հայտացուցակին նայելիս կարելի է տեսնել, որ այս թիմը ռոտացիայի խնդիր բացարձակ չունի և որևէ մեկի վնասվածքի դեպքում անգամ նրան փոխարինելու խնդիր չի ունենա։
Հատկանշական է, որ Անգլիայի հավաքականն իր պատմության ընթացքում երբեք չի հաղթել Եվրոպայի առաջնությունն ու սա հիանալի շանս է այսպիսի կազմով նման հաջողություն գրանցելու համար։
Ինչպես արդեն նշեցինք Շոտլանդիայի մասին պատմելիս՝ անգլիացիները պատմության առաջին խաղն անցկացրել են հենց նրանց դեմ։
Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն Ուեյն Ռունին է՝ 53 գնդակով։
Հավաքականի մարզաշապիկի տարբերանշանին 3 առյուծ է պատկերված, որ Ռիչարդ Առաջին թագավորի խորհրդանիշն էր համարվում։ 2003 թվականից ի վեր հավաքականի մարզաշապիկի տարբերանշանի վերևում ավելացավ աստղ, որը խորհրդանշում է 1966 թվականի Աշխարհի առաջնությունում նրանց հաղթանակը։
13.06․2021 ⏰17։00 Անգլիա-Խորվաթիա, Լոնդոն
14.06․2021 ⏰17։00 Շոտլանդիա-Չեխիա, Գլազգո
18․06․2021 ⏰20։00 Խորվաթիա-Չեխիա, Գլազգո
18․06․2021 ⏰23։00 Անգլիա-Շոտլանդիա, Լոնդոն
22․06․2021 ⏰23։00 Խորվաթիա-Շոտլանդիա, Գլազգո
22․06․2021 ⏰23։00 Չեխիա-Անգլիա, Լոնդոն