Եվրո-2020-ի մեկնարկին մնացել են հաշված օրեր և արդեն ժամանակն է ծանոթանալու երկար սպասված մրցաշարի մասնակիցների հետ։ Հիշեցնենք, որ ԵԱ-ին մասնակցում են 24 հավաքականներ, որոնք բաժանվել են 6 խմբերի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ։ A և B խմբերին արդեն անդրադարձել ենք, իսկ այժմ արդեն C խմբի հերթն է։
Այս խմբում ընդգրկվել են Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Ավստրիայի և Ուկրաինայի հավաքականները, իսկ այժմ յուրաքանչյուր թիմի մասին՝ առանձին:
🇳🇱 Նարնջագույնները
Գլխավոր մարզիչ՝ Ֆրանկ դե Բուր
Լավագույն արդյունքը՝ ԵԱ-ի չեմպիոն (1988), ԱԱ-ի արծաթե մեդալակիր (1974, 1978, 2010)
ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 16-րդ տեղ
Եվրո-2020-ի թերևս ամենաանկանխատեսելի և հանելուկային թիմերից մեկը Նիդերլանդների հավաքականն է: Ֆրանկ դե Բուրի թիմն իր խոսքը կարող է ասել, բայց նրանց մրցաշարի ֆավորիտ չես անվանի:
Նիդերլանդների հավաքականը վստահորեն անցավ ընտրական փուլն ու երկրորդ տեղով դուրս եկավ խմբից: Թիմը միայն երկու անգամ միավորներ կորցրեց՝ տանը պարտվելով Գերմանիային և ոչ-ոքի խաղալով Հյուսիսային Իռլանդիայի հետ: Առհասարակ, հոլանդացիները հիանալի տեսք ունեին ընտրական փուլում՝ 8 խաղում նրանք 24 գոլ խփեցին ու 7-ը բաց թողեցին:
Հոլանդիայի հավաքականի երկրպագուները կարող են անհանգստանալ միայն մեկ պատճառով. Եվրո-2020-ի ամբողջ ընտրական ցիկլի ընթացքում թիմի հետ աշխատել է Ռոնալդ Կումանը. Դե Բուրը նշանակվեց սեպտեմբերի վերջին՝ որակավորման փուլի ավարտից գրեթե մեկ տարի անց: Ֆրանկի հետ Նիդերլանդների հավաքականը դեռևս այն մակարդակի ֆուտբոլ չի ցուցադրում, ինչ՝ Կումանի: Ո՛չ Ազգերի լիգայում, ո՛չ ԱԱ-ի 2022-ի ընտրական փուլում «նարնջագույնները» դեռ այն տեսքը չունեն:
Դե Բուրի գլխավորությամբ Նիդերլանդների հավաքականը դեռևս չի կարողանում տպավորիչ արդյունքներ գրանցել: Հոլանդացիները Դե Բուրի հետ պաշտոնական խաղերում դեռ ոչ մի թոփ հավաքականի չեն հաղթել:
Դե Բուրը չի հրաժարվում 4-3-3 տակտիկական սխեմայից: Գրոհների մեծ մասն անցնում է եզրերով. մեծ աշխատանք են կատարում եզրային պաշտպանները: Միջին գծում իրավիճակն այսպիսին է. եթե Ժորժինյո Վեյնալդումն ու Դեյվի Կլասենը խաղում են հարձակվողների մոտ, ապա Ֆրենկի դե Յոնգը գործում է ավելի խորքից, որտեղից էլ ուղղորդում է գրոհները:
Պաշպանության կենտրոնում, Վիրջիլ վան Դեյկի բացակայության պայմաններում, իրենց տեղը ստանալուն կարող են հավասարապես հավակնել Մաթեյս դե Լիխտը, Ստեֆան դե Վրեյն ու Ժոել Վելտմանը, բայց օրինակ Նատան Ակեն ու Դեյլի Բլինդը կարղ են խաղալ թե՛ կենտրոնում, թե՛ ձախից: Մյուս դիրքերում ևս նույն իրավիճակն է:
Ի դեպ, Վան Դեյկը ոչ միայն Նիդերլանդների հավաքականի, այլև ամբողջ Եվրոյի գլխավոր կորուստն է: Կենտրոնական պաշտպանը որոշել է «Լիվերպուլում» լիարժեք վերականգնողական կուրս անցնել նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Նիդերլանդների հավաքականի գլխավոր աստղը Մեմֆիս Դեպայն է: Նա ևս մեկ փայլուն մրցաշրջան անցկացրեց «Լիոնում», ինչի շնորհիվ կարող է շուտով տեղափոխվել «Բարսելոնա», որտեղ նրան սպասում է անձամբ Կումանը:
ՄՅՈՒ-ում ձախողումից հետո նա 4 տարի՝ առանց ընդհատումների հանդես է եկել Ֆրանսիայում: Եվրո-ում տպավորիչ ելույթները Դեպայի համար կարող է կա՛մ լավացնել պայմանները «Բարսայում», կա՛մ օգնել այլընտրանքային տարբերակ ընտրել: Այդ իսկ պատճառով Դեպայից սպասելիքները մեծ են:
Նիդերլանդների հավաքականի գլխավոր երիտասարդ աստղը «Այաքսի» 19-ամյա կիսապաշտպան Ռայան Գրավենբերխն է: Դեռ մեկ տարի առաջ նրա մասին հիմնականում գիտեին Էրեդիվիզիի ու FIFA-ի երկրպագուները, բայց թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հավատաց ֆուտբոլիստին ու արդյունքում ստացավ Դոնի վան դե Բեկի լիարժեք փոխարինողի: Կիսապաշտպանը դեռևս 3 հանդիպում է անցկացրել Նիդերլանդների հավաքականի հիմնական կազմում և ընդհանուր առմամբ դաշտում անցկացրել է 64 րոպե, բայց սա բավական էր դե Բուրին նրան հավաքականի վերջնական հայտացուցակում ընդգրկելու համար: Գրավենբերխի գործակալը Մինո Ռայոլան է, Transfermarkt-ը նրան 28 մլն եվրո է գնահատում, այնպես որ 19-ամյա ֆուտբոլիստին պայծառ ապագա է սպասվում:
🇲🇰 Կարմիր առյուծները
Գլխավոր մարզիչ՝ Իգոր Անգելովսկի
Լավագույն արդյունքը՝ Եվրո-2020-ը կլինի մակեդոնացիների առաջին խոշոր մրցաշարը
ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 62
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Հս. Մակեդոնիայի հավաքականը, ինչպես Ֆինլանդիան, Եվրոպայի առաջնությունների նորեկներից մեկն է: Եվրո-2020-ի ընտրական փուլը պատմական էր Մակեդոնիայի համար. թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ:
Թիմից դժվար թե մեծ սպասելիքներ լինեն ԵԱ-ի եզրափակիչ փուլերում, ու առաջին հայացքից մակեդոնացիները խմբի հետնապահն են, բայց անակնկալ մատուցելու հնարավորություն նրանք կարող են ունենալ:
ԵԱ-ի խմբային փուլում մակեդոնացիները մրցել են Լեհաստանի, Ավստրիայի, Սլովենիայի, Իսրայելի և Լատվիայի հետ, բայց պարտվել են միայն առաջին երկու թիմերին, որոնք էլ խմբում զբաղեցրել են 1-ին և 2-րդ հորիզոնականները:
Թիմը մրցաշարում հայտնվեց Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի միջոցով: Սկզբում մակեդոնացիները հաղթեցին Կոսովոյին (2-1), իսկ դրամատիկ մինի-եզրափակչում՝ Վրաստանին (1-0): Այս կերպ, Հս. Մակեդոնիայի ընտրանին իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ:
Ամբողջ ընտրական ցիկլի ընթացքում մակեդոնացիները փոխեցին խաղաոճն ու փորձեցին լուծել պաշտպանության հարցը: Եթե հարձակման գծում ամեն ինչ կարող էր ստացվել անհատական գործողությունների արդյունքում, ապա պաշտպանությունում մակեդոնացիների խաղը կաղում էր: Արդյունքում գլխավոր մարզիչն ընտրեց 3-5-1-2 տակտիկական դասավորությունը, ու հավանական է՝ հենց այս սխեմայով էլ թիմը կանցկացնի Եվրո-ն:
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի գլխավոր աստղը 37-ամյա Գորան Պանդևն է: Հենց նա խփեց վճռորոշ գոլը վրացիների դեմ խաղում ու իր թիմի համար Եվրո-2020-ի ուղեգիր նվաճեց: Ընտրական ամբողջ փուլում նա 3 գոլ խփեց: Մի կողմից քիչ է, բայց Մակեդոնիան, ըստ երևույթին, ամենաարդյունավետ թիմը չէ: Ավելի շատ գոլ խփել է միայն «Նապոլիի» կիսապաշտպան Էլիֆ Էլմասը՝ նա 4 գոլ ունի:
Ի դեպ, Էլմասը թիմի երիտասարդ աստղերից է. նա գրեթե այնքան արժե, որքան մակեդոնացիների ամբողջ կազմը՝ 18 մլն եվրո: Եվ նրան արդեն իրենց կազմում են ցանկանում տեսնել իտալական գրանդները: Հավաքականում նա առաջատար է, լավագույն ռմբարկուն ու ֆուտբոլիստ, որն ուղղված է հարձակման:

Գլխավոր մարզիչ՝ Ֆրանկո Ֆոդա
Լավագույն արդյունքը՝ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր (1954), ԵԱ-ի խմբային փուլ (2008, 2016), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (Բեռլին, 1936)
ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 23-րդ տեղ
Իր առաջին միջազգային հանդիպումն Ավստրիայի հավաքականն անցկացրել է 1902 թվականին՝ Հունգարիայի դեմ, որում 5-0 հաշվով հաղթանակ է տարել: Փառքի առաջին ժամանակաշրջանն Ավստրիայի հավաքականն ապրեց 1930-ականներին, երբ թիմը գլխավորում էր Հուգո Մայսլը, և սկսվել է 1931 թվականի մայիսի 16-ին՝ Շոտլանդիայի նկատմամբ տարած հաղթանակով, որն այդ կերպ կրել է առաջին պարտությունը Բրիտանական կղզիների սահմաններից դուրս: 1938 թվականին՝ Ավստրիայի անշլյուսից հետո (երբ Ավստրիան ընդգրկվեց նացիստական Գերմանիայի կազմում), ավստրիական թիմը վերակազմավորվեց, իսկ որոշ խաղացողներ ընդգրկվեցին Գերմանիայի հավաքականի կազմում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ավստրիան նորից հաջողություններ ունեցավ, որն իր գագաթնակետին հասավ 1954 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ Ավստրիան երրորդ տեղը զբաղեցրեց:
Ի դեպ, ԱԱ-ի այդ բրոնզե մեդալը մնում է Ավստրիայի հավաքականի ամենամեծ նվաճումը: Թիմը մինչ օրս աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների չեմպիոնական տիտղոսը չի կարողացել նվաճել: Եվրոպայի առաջնություններում թիմի ամենամեծ նվաճումը 1960 թ. ԵԱ-ի քառորդ եզրափակչում հայտնվելն էր: Եվրոպայի 2008 թվականի առաջնությունում Ավստրիան որպես տանտեր իրավունք ստացավ մասնակցելու մայրցամաքային առաջնության եզրափակիչ փուլերին, այնպես որ առաջին անգամը համարվում է 2016 թվականի ԵԱ-ն, երբ թիմն առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ փուլ։
Եվրոպայի առաջիկա առաջնության ընտրական փուլը Ավստրիան հիանալի անցկացրեց՝ խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Թիմն անցկացրած տասը խաղից միայն երեքում պարտվեց, տարավ վեց հաղթանակ, մեկ խաղ էլ ավարտեց ոչ-ոքի։ Ավստրիացիներից բարձր տեղ գրավեց միայն Լեհաստանը։
Եվրո-2020-ի վերջնական հայտացուցակում տեղ գտած ֆուտբոլիստների մեծ մասը ներկայացնում է Գերմանիայի առաջնությունը։
Այստեղ կարելի է ներառել նաև Դավիդ Ալաբային, չէ՞ որ նա պաշտոնապես «Ռեալի» ֆուտբոլիստ կդառնա միայն հուլիսի 1-ին։ Ավստրիայի հավաքականի աստղը հենց Ալաբան է։ «Բավարիայի» հետ նա ամեն ինչ հաղթել է, ու այժմ որոշել է նոր արկածներ փնտրել նոր ակումբում և նոր առաջնությունում։ Ալաբան հինգ տարվա պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ։
Ալաբային առանձնացնում է իր ունիվերսալությունը։ Եթե այսօր նա խաղում է պաշտպանության ձախ եզրում, ապա ոչ ոք չի զարմանա եթե վաղը մարզիչը նրան օգտագործի դաշտի կենտրոնում, կամ էլ՝ հարձակվողներին մոտ։ Ամեն ինչ կախված է կոնկրետ սխեմայից։ Հավաքականում նա հիմնականում փակում է ձախ եզրը՝ երեք կենտրոնական պաշտպանների առկայության պարագայում։
Ինչ վերաբերում է ավստրիացիների գլխավոր մարզչին, ապա 55-ամյա գերմանացի մասնագետ Ֆրանկո Ֆոդան 2018 թվականից է գլխավորում ազգային թիմը։ Նա ամենահայտնի գերմանացի մասնագետներից չէ Եվրոպայում։ Ֆոդայի պայմանագիրը Ավստրիայի ֆուտբոլային միության հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ավարտը։ Կարելի է ենթադրել, որ Եվրոպայի առաջնությունում ելույթները վճռորոշ կլինեն Ֆրանկոյի ապագայի հարցում։
2008 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններում Ավստրիայի հավաքականը չի կարողացել դուրս գալ խմբից։ Թվում է՝ արդեն ժամանակն է հաջորդ քայլն անելու և փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու խնդիր դնելու, հատկապես որ 1/8 եզրափակիչ հնարավոր կլինի դուրս գալ անգամ երրորդ տեղով։ Կարելի է ենթադրել, որ այս խմբից փլեյ-օֆֆ դուրս չգալը ձախողում կլինի Ավստրիայի հավաքականի համար։
Դավիդ Ալաբան ու ընկերները, ամենայն հավանականությամբ, կկարողանան դուրս գալ խմբից ու վերջապես հայտնվել Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆում։
🇺🇦 Դեղնա-կապույտներ
Գլխավոր մարզիչ՝ Անդրեյ Շևչենկո
Լավագույն արդյունքը՝ ԱԱ-ի քառորդ եզրափակիչ (2006), ԵԱ-ի խմբային փուլ (2012, 2016)
ՖԻՖԱ-ի վարկանիշ՝ 24-րդ տեղ
Ուկրաինայի հավաքականի համար սա երրորդ անընդմեջ մասնակցությունն է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին և առհասարակ՝ պատմության մեջ։ 2012 թվականին ուկրաինացիները տանտեր էին, բայց չկարողացան դուրս գալ խմբից։ Չորս տարի անց դարձյալ անհաջողության մատնվեցին՝ երեք խաղ պարտվելով և ընդհանուր 0-5 հաշվով նրանք լքեցին Եվրո-2016-ը, որպես մրցաշարի վատագույն թիմ։ Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնության ձախողումից հետո Ուկրաինայի հավաքականը գլխավորեց ուկրաինական ֆուտբոլի լեգենդ Անդրեյ Շևչենկոն, որի համար առաջիկա առաջնությունն առաջինը կլինի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը 197,2 մլն եվրո է։ Թիմի երեք խաղացողների արժեքը կազմում է ամբողջ թիմի արժեքի 40 %-ը։ Այդ երեք խաղացողներն են Մալինովսկին (30 մլն), Զինչենկոն (25 մլն) և Ցիգանովը (25 մլն)։
Հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը «Շախտյորի» սան Գեորգի Սուդակովն է, ով 18 տարեկան է, իսկ ամենատարեցը Անդրեյ Պյատովն է (36 տարեկան)։ Ուկրաինայի հավաքականն ընդգրկվել է Եվրոպայի այս առաջնության ամենաերիտասարդ թիմերի քառյակում։ Ընդ որում, հայտացուցակի 26 ֆուտբոլիստից 20-ն առաջին անգամ են հայտնվել Եվրո-ի կամ ԱԱ-ի հայտացուցակում։
Չնայած երիտասարդները գերակշռում են, այդուհանդերձ փորձառու խաղացողների ևս հրավիրել է Շևչենկոն։ Ուկրաինայի հավաքականի անփոխարինելի դարպասապահ Պյատովը ԱԱ-2006-ի պահեստային դարպասապահն էր, և մասնակցել է Եվրո-2012-ին և Եվրո-2016-ին։ Զինչենկոն, Սիդորչուկը և Ստեպանենկոն մասնակցել են Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը, իսկ Կարավաևը փոխարինողի դերում էր։ Յարմոլենկոն էլ մասնակցել է Եվրո-2012-ին և Եվրո-2016-ին։
Ուկրաինայի հավաքականի երկրպագուները չեն կարող գոհ լինել նախորդ տարվա արդյունքներից։ 2020-ին իրենց ազգային թիմը անհաջող հանդես եկավ Ազգերի լիգայում՝ դուրս մնալով A խմբից․ երկու անգամ պարտվեց Գերմանիային (1-2) և (1-3) , և Իսպանիային (0-4), ու նաև տեխնիկական պարտություն ստացավ Շվեյցարիայից 0-3։ Բացի դա, ընկերական խաղերում Շևչենկոյի թիմին հաղթեցին Լեհաստանն (2-0) ու Ֆրանսիան (7-1)։ Ֆրանսիացիներից կրած պարտությունն ամենախոշորն էր Ուկրաինայի հավաքականի պատմության մեջ։ Դրական կետ էր Իսպանիայի նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակը։
Իսկ ահա 2021 թվականին ամեն ինչ այլ է․ ուկրաինացիները նախ 4 անընդմեջ ոչ-ոքի են խաղացել 1-1 հաշվով՝ Ֆրանսիայի, Ֆինլանդիայի և Ղազախստանի հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլում, և Բահրեյնի հետ ընկերական խաղում։ Եվրո-2020-ի մեկնարկից առաջ Ուկրաինայի հավաքականը հաղթել է Հյուսիսային Իռլանդիային (1-0), իսկ հունիսի 7-ին կխաղա Կիպրոսի հետ։
Թե ինչպիսին կլինեն ելույթները Եվրոպայի առաջնությունում, ցույց կտա ժամանակը։ Այդուհանդերձ, Ուկրաինայի հավաքականն արդեն իսկ իր անվան շուրջ բավականին մեծ աղմուկ է ստեղծել՝ ներկայացնելով այն մարզաշապիկը, որով թիմը հանդես է գալու Եվրոպայի առաջիկա առաջնությունում։ Ուկրաինական ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ազգային թիմի մարզաշապիկի լուսանկարները․ դրանց վրա ուրվագծված է երկրի քարտեզը՝ Ղրիմի և Դոնբասսի հետ միասին։
«Մեզ բոլորիս համար սա մեր երկրի ամենաարժեքավոր ուրվագծումն է։ Միասնական ու անքակտելի հայրենիքը։ Մենք հավատում ենք, որ Ուկրաինայի քարտեզի ուրվագիծը ուժ կտա ֆուտբոլիստներին, չէ՞ որ նրանք կռվելու են ամբողջ Ուկրաինայի համար։ Իսկ ամբողջ Ուկրաինան աջակցելու է նրանց։ Սա շատ կարևոր է թե՛ ֆուտբոլիստների համար, ովքեր շատ են հուզվում ու երազում են Եվրոպայի առաջնությունում լավ հանդես գալու մասին, և թե երկրպագուների համար, ովքեր հավատում են Անդրեյ Շևչենկոյի թիմին։
Ֆուտբոլն ու ազգային թիմը միավորում են Ուկրաինային»,- գրել է Պավելկոն։
Ռուսաստանում սա բուռն քննարկումների ու դժգոհությունների տեղիք է տվել՝ ընդունվելով որպես քաղաքական սադրանք․ Պետդումայի պատգամավորներն են անգամ անդրադարձել այս հարցին ու ՈՒԵՖԱ-ին կոչ արել արգելել Ուկրաինայի հավաքականին կրել այս մարզաշապիկը։
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հավաքականը չի կարող հանդես գալ այս մարզաշապիկով, քանի որ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգում հստակ ամրագրված է, թե ինչ սիմվոլներ և դրոշներ կարող են պատկերվել։
Նշենք՝ Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները չեն հրավիրվել Ուկրաինայի հավաքական, մասնավորապես «Զենիթի» ֆուտբոլիստ Յարոսլավ Ռակիցկին և Մոսկվայի «Դինամոյի» խաղացող Իվան Օրդեցը։ Եվրո-2020-ում Ուկրաինայի և Ռուսաստանի հավաքականները կարող են միմյանց հանդիպել միայն մրցաշարի փլեյ-օֆֆում։
C խմբի հանդիպումները կկայանան Ամստերդամում և Բուխարեստում։ Խաղացանկն այսպիսին է՝
Հունիսի 13
Ավստրիա — Հյուսիսային Մակեդոնիա, ⏰20։00, Բուխարեստ, Ազգային մարզադաշտ
Նիդերլանդներ — Ուկրաինա, ⏰23։00, Ամստերդամ, Յոհան Կրույֆի անվան մարզադաշտ
Հունիսի 17
Ուկրաինա — Հյուսիսային Մակեդոնիա, ⏰17։00, Բուխարեստ
Նիդերլանդներ — Ավստրիա, ⏰23։00, Ամստերդամ
Հունիսի 21
Ուկրաինա — Ավստրիա, ⏰20։00, Բուխարեստ
Հյուսիսային Մակեդոնիա — Նիդերլանդներ, ⏰20։00, Ամստերդամ
Կարդացեք նաև՝
Ֆուտբոլային տոնին ընդառաջ․ Ինչ գիտենք Եվրոյի մասին
A խումբ. Քայլ առ քայլ դեպի Եվրո-2020
Օլսենի 11 ընկերները, Կարմիր սատանաներն ու առանց Զախարյանի Եվրոն․ B խումբ