Չարենցավանի «Վանը» հունվարի 10-ից սկսել է նախապատրաստությունը Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ հատվածին:
Ակումբը հայտնել է, որ թիմից հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ՝ Նիկիտա Անդրեևը, Ջամբոլատ Խասցաևը, Սոսլանբեկ Ձագոևը, Գերման Բերյոզկինը, Գագիկ Խոջայանը, Սամվել Խաչիկյանը, Էդգար Պետրոսյանը,Նորիկ Մկրտչյանը և Արտյոմ Կարապետյանը:
Նախապատրաստական ընթացքի, հեռացած ֆուտբոլիստների, սպասվող համալրումների և առաջիկա ծրագրերի մասին ArmSport-ը զրուցել է «Վանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի հետ:
-Ինչպե՞ս է ընթանում նախապատարտասկան փուլը:
-Մարզումները սկսել ենք հունվարի 10-ից, ամսի 15-ին անցկացրել ենք երկկողմանի հանդիպում, 16-ից մարզվում ենք օրը 2 անգամ: Հունվարի 21-ին ստուգողական հանդիպում կանցկացնենք «Գանձասար-Կապանի» հետ, 23-ին կմեկնարկի առաջին հավաքը, որի շրջանակում ընկերական խաղ կանցկացնենք ռուսական «Արմավիրի» հետ, հավաքը կավարտենք «Ուրարտուի» հետ հանդիպումով: Փետրվարի 7-ից 2-րդ հավաքը կանցկացնենք, որի ընթացքում 4 խաղ կլինի. մրցակիցները դեռ հստակեցված չեն: Ուսումնամարզական հավաքները կլինեն Չարենցավանում, որտեղ բոլոր պայմաններն ունենք լիարժեք մարզվելու և հավաքին առնչվող բոլոր կետերի համար:
-Ինչպե՞ս է խաղադաշտի վիճակը:
-Իդեալական է. ոչ մի խնդիր չունենք: Ձյունը խնդիր չի առաջացնում: Առավոտյան ձյան վրա ենք մարզվել, իսկ լավ տեխնիկայի շնորհիվ ձյունը մաքրվել է և երկրորդ մարզումն անցկացնում ենք առանց ձյան ծածկում:

-Կազմի վերաբերյալ. թիմից հեռացել են մի շարք ֆուտբոլիստներ…:
-Այո, այդ ֆուտբոլիստների հետ պայմանագրերը երկկողմ համաձայնությամբ խզել ենք: Ընթանում է կազմի համալրման գործընթաց: Արդեն իսկ մի քանի ֆուտբոլիստներ են միացել, որոնց մասին մոտ օրերս կտեղեկացնենք: Սպասում ենք տեղացի և արտասահմանցի նոր խաղացողներ, որոնք մեր թիմի խաղը էականորեն կփոխեն դեպի լավը: Բանակցում ենք 3-4 լեգիոներների հետ, որոնց ցանկանում ենք տեսնել մեր թիմում:
Աֆրիկա իմ շրջագայությունից հետո 4 ֆուտբոլիստների հետ բանակցություններ ենք վարում: Մոտ օրերս կմիանան մեզ:
-Կարո՞ղ ենք ասել, որ թիմի կորիզը պահպանվելու է:
-Այո, հիմնական ֆուտբոլիստները կմնան, միգուցե առավելագույնը 1-2 փոփոխություն լինի: Որակապես այլ թիմ ենք ցանկանում ստեղծել: Շատ բաներ չի գոհացրել:
-Մասնավորապես…
-Նախևառաջ մենք առաջատարների հետ բավականին լավ ենք խաղացել, բայց պարտվել ենք այն մրցակիցներին, որոնք ավելի ցածր հորիզոնականներում են: Իհարկե, կան պատճառներ՝ սկսած այն հանգամանքից, որ Գավաթի խաղարկությունում էլ էինք հանդես գալիս, ուստի 2 ճակատով էինք գործում: Գավաթի խաղարկությունում «Լոկոմոտիվի» հետ (1:0) խաղում մաքսիմալ ուժեր և էներգիա ծախսեցինք և 3 օր անց՝ «Սևանի» հետ խաղում 82-րդ րոպեին գոլ բաց թողեցինք…: Կորցրել ենք միավորներ այնտեղ, որտեղ կորցնելու իրավունք չունեինք: Եթե հաշվարկենք միայն առաջին 5 թիմերի պայքարը, մենք առջևում ենք, բայց դա 0 է, մրցաշարային աղյուսակում 3-րդն ենք…:

Ամեն դեպքում, մենք հսկայածավալ աշխատանքներ ենք իրականացրել մարզադաշտի, ենթակառուցվածքների մասով: Այդ ամեն ինչին թիմի որակը չնչին չհամապատասխանեց: Նաև ընդգծենք, որ Առաջին խմբի առաջնության մակարդակը էականորեն տարբերվում է նախորդ տարիներից:
-Առաջին շրջանից հետո ծրագրերը փոփոխություններ կրե՞լ են:
-Ծրագրերում փոփոխություն չկա. մեր պլանը զբաղեցնել ամենաբարձր հորիզոնականը: Իհարկե ինքներս մեր կյանքը բարդացրել ենք, բացի այդ էլ կան արժանի մրցակիցներ, որոնք մեծ նպատակներ ունեն: Այո, դժվար է, 3-րդ տեղում ենք, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չեմպիոն դառնանք և Բարձրագույն խմբում հանդես գանք:
Ցանկությունս այն է, որ Առաջին խմբին ավեի շատ ուշադրություն դարձվի: Այստեղ բավականին հետաքրքրիր դեպքեր են լինում: Ցանկանում ենք ունենալ ազնիվ առաջնություն, որտեղ բոլորս կաճենք և կզարգանանք:
Բարսեղյանը տարեսկզբի առիթը բաց չթողեց հայ ժողովրդին, ֆուտբոլային ընտանիքին և ֆուտբոլասեր հասարակությանը շնորհավորել Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ և հաջողակ տարի մաղթելու համար:
Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ հատվածից առաջ «Վանը» 3-րդ հորիզոնականում է:
Արման Առաքելյան