Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Երեկ պայքարի մեջ մտավ ազատ ոճային 3 հայ ըմբիշ: 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակչում 1-2 հաշվով պարտվեց Ալի Ռահիմզադեին: Վերջինս պարտվեց կիսաեզրափակչում ու Թադևոսյանը դուրս մնաց հետագա պայքարից:
70 կգ քաշային կարգում աշխարհի անհատական գավաթի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը 2 վստահ հաղթանակ տոնեց ու հասավ կիսաեզրափակիչ: Նախ՝ մաքուր հաղթանակ Արտեմ Աուգայի նկատմամբ, իսկ հետո 10-5 հաշվով հաղթանակ Պատրիկ Կշիշտոֆի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում համառ պայքարում Անդրեասյանը 3-5 հաշվով պարտվեց Իսրայիլ Կասումովին ու այսօր երեկոյան կպայքարի բրոնզե մեդալի համար:
79 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Արման Ավագյանը մաքուր հաղթանակ տոնեց Էդուարդ Տատարինովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց Գուլաևին: Վերջինս հասավ եզրափակիչ ու Ավագյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի՝ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալու համար:
Այսօր պայքարի մեջ կմտնի 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: 1/8 եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաժամբեկ Ժամալովն է:
92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը՝ ծնկի վնասվածքի պատճառով: