Թուրինի «Յուվենտուսն» առաջիկա ամռանը կարող է բաժանվել իր գլխավոր աստղերից մեկից՝ 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում:
«Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականին, բայց նրա աշխատավարձը՝ տարեկան 31 մլն եվրո, չափազանց բարձր է, այդ իսկ պատճառով ակումբը դիտարկում է նրա տրանսֆերը վաճառելու տարբերակը»,- ասում է լրագրողը:
Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2018 թվականի հուլիսին է դարձել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ՝ 117 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով Մադրիդի «Ռեալից»: Այդ ժամանակից ի վեր նա թուրինյան ակումբի կազմում 121 հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է 92 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ: «Յուվենտուսի» հետ պորտուգալացին երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ էլ հաղթել է Իտալիայի Սուպերգավաթը: