Եթե բումերանգը չի վերադառնում, ուրեմն նա ընտրել է ազատությունը:
20-րդ դարը ողողված էր արհավիրքներով և պատերազմներով: Իշխող բռնապետերի էգոցենտրիզմն ու կայսերապաշտությունն իրական արհավիրք էին դարձել միլիոնավոր մարդկանց համար:
Որքան չնչին են քաղաքացիները, այնքան լայնարձակ է թվում կայսրությունը:
Ահա սա է այն ցավալի իրականությունը, որտեղ մարդն ընդամենը գործիք էր ՝գերնպատակին հասնելու մի պարզ միջոց:
Մարդկային խեղված ճակատագրերի այս խառնարանում, քչերին էր հաջողվում պահպանել ոգու ազատությունն ու կորովը: Քչերին էր հաջողվում անարդարության և լքվածության զգացումների մեջ պահպանել առաջ ընթանալու գերբնական ուժը:
«ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինը չէր էլ պատկերացնում ՝ իր աշխատասենյակում շուտով կհայտնվի մի հաղթանդամ երիտասարդ, ով այդ գերբնական ուժի իրական մարմնացումն է:
1936 թվականին Բեռլինի Օլիմպիական խաղերում գերմանացի ծանրամարտիկ Յոզեֆ Մանգերը համաշխարհային ռեկորդ սահմանեց և ճանաչվեց աշխարհի ամենաուժեղ մարդ. ֆաշիստական Գերմանիան ցնծության մեջ էր:
Ադոլֆ Հիտլերը չվարանեց այդ հաղթանակն օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Նա հայտարարեց, որ սա արիացիների բարձրագույն ռասա լինելու ապացույց է:

Խորհրդային Միությունը բեռլինյան խաղերին չէր մասնակցում, սակայն, դա չէր խանգարում ԽՍՀՄ առաջնորդին իրեն խոցված և պարտված զգալ Յոզեֆ Մանգերի հաղթանակից:
Հստակ էր, որ Հիտլերի և Ստալինի քաղաքական հակամարտությունը նոր շրջան էր մտել, որում սպորտն իր ուրույն տեղն էր զբաղեցնում:
Պետք էր գերազանցել Մանգերի ցուցանիշը: ԽՍՀՄ սպորտի բնագավառի պատասխանատուները Ստալինին զեկուցեցին ՝ գտել են այն մարդուն, ով կարող է հասնել այդ արդյունքին:
Խոսքը ՝ ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ծանրամարտիկ Սերգո Համբարձումյանի մասին էր:
Սարգիս Համբարձումյանը (Սերգո անունով նրան դիմել էր Ստալինը, որն էլ հետագայում գործածվում էր ԽՍՀՄ-ում) ծնվել է 1910 թվականի փետրվարի 23-ին, Նախիջևանի Բիստ գյուղում:
Սերգոն դեռ մանուկ էր, երբ գյուղում լուրեր են տարածվում, որ Թուրքիայում հայ տեղաբնիկները ցեղասպանության են ենթարկվում։ Փախչելով կոտորածից, ընտանիքը տեղափոխվում է Հյուսիսային Կովկաս ՝ հաստատվելով Կիսլովոդսկ քաղաքում, որտեղ ապրում էին նրանց հեռավոր ազգականները։
Տարիներ անց, Սերգոն վերադառնում է հարազատ գյուղ և ընտանիքի հոգսերը մեղմելու նպատակով աշխատում է որպես կոշկակարի օգնական, այնուհետև որպես բանվոր ՝ Բաքու-Ջուղա երկաթգծում:
Արդեն այդ տարիներին Համբարձումյանն աչքի էր ընկնում իր բնատուր ֆիզիկական ուժով:
«Գյուղի դաշտավայրերը ոռոգող առվի եզերքին մի հսկա քար է դեմ առել, ինչը գյուղացիների համար մեծ խնդիրներ է առաջացրել: Գյուղի տղամարդիկ փորձում են տեղաշարժել այդ քարը, սակայն, նրանց փորձերն անարդյունք են ավարտվում:
Հայրս այդ պահին նստած է լինում ընկուզենու ծառի վրա և հավաքված տղամարդկանց վստահեցնում է, որ մեկ պատառ լավաշի և մեղրի դիմաց, նա միայնակ կհրի այդ հսկա քարը:
Գյուղացիները չեն հավատում այդ խոսքերին, բայց կատարում են նրա խնդրանքը: Եվ իրոք, հայրս կարողանում է միայնակ հրել քարը:
1930 թվականին էլ, հայրս վերադարձավ Երևան և աշխատանքի անցավ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ավտոպարկում:
Մի անգամ աշխատողները ապարդյուն փորձել են բարձրացնել վերանորոգվող բեռնատարը, Սերգոն նրանց մի կողմ է հրել ու առանց որևէ մեկի օգնության բարձրացրել է մեքենան։
Ավտոպարկի ղեկավարն այնքան է տպավորվել այդ արարքով, որ նրան անվճար սնունդ է առաջարկել ՆԳԺԿ-ի ճաշարանում, եթե Սերգոն «Դինամո» սպորտային միությունում ծանրամարտով զբաղվի»,- Armsport-ի հետ զրույցում հիշում է Սերգոյի որդին ՝ Մհեր Համբարձումյանը:

Հենց այստեղից էլ սկսվել է հայ դյուցազնի մարզական կարիերան:
Հաջորդ երեք տարիների ընթացքում, Համբարձումյանը 3 անգամ անընդմեջ ճանաչվել է ԽՍՀՄ չեմպիոն` ընթացքում գերազանցելով, թե այլ մարզիկների, թե իր սահմանած ռեկորդները (1932-1935 թվականներ)։
Ահա սա էր պատճառը, որ Ստալինը հենց հայ ծանրորդին ընտրեց ԽՍՀՄ մարզական պատիվը վերականգնելու համար:
Եվ այսպես, ԽՍՀՄ առաջնորդի աշխատասենյակ է մտնում բարձրահասակ, թիկնեղ հայ երիտասարդը:
«Ընկեր Համբարձումյան, Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի հաղթեք այդ ֆաշիստ Մանգերին»,- հարցնում է Ստալինը
ԽՍՀՄ եռակի չեմպիոնը համեստորեն պատասխանեց. «Որակյալ սննդի առկայությունն ինձ լիովին բավարար է, ընկեր Ստալին»:
«Խոստանու՞մ եք, որ կգերազանցեք նրա ռեկորդը»,-ավելացրեց առաջնորդը:
Այստեղ պետք է զգալ պահի ողջ լրջությունը: Միայն պատկերացրեք, թե Սերգոն ինչպիսի բարդ իրավիճակում էր հայտնվել:
«Ոչ» պատասխանն անընդունելի էր, իսկ «Այո»-ն ՝ պատասխանատվության այնպիսի ծանր չափաբաժին էր պարունակում, որ այն «բարձրացնելը» հեշտ գործ չէր նույնիսկ գերուժեղ մարդու համար:
«Խոստանում եմ»,- ձայնին վստահ երանգ տալով պատասխանեց Համբարձումյանը:

Առաջնորդի հետ հանդիպումից հետո, մեր ծանրորդի համար միանգամայն այլ կյանք է սկսվում:
Նրան հատկացվել էր այսպես կոչված «բաց հաշիվ», ինչը նշանակում էր, որ Սերգոն կարող էր այցելել ցանկացած ռեստորան և անվճար օգտվել ճաշացանկից: Բացի այդ, հայ ծանրորդի համար նշանակվեց բավական պատկառելի կենսաթոշակ:
Համբարձումյանի հետ Հայաստան մեկնեց նրա նոր մարզիչը` Լատվիայի ծանր քաշային չեմպիոն Յան Սպարեն:
«Սպարեն շատ խիստ մարզիչ էր: Նույնիսկ հանգստի ժամին, նա հետևում էր ռեժիմի պահպանմանը:
Նա ձեռնաշղթաներով Սերգոյին կապում էր մահճակալին, որպեսզի նա հանգստանա և հանկարծ չմտածի խրախճանքների մասին»,-պատմում է Համբարձումյանի որդին:
Եվ այսպես, 1938 թվականի դեկտեմբերի 30-ին, Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսականներով:
Նրանց, ում բախտ չէր վիճակվել հայտնվել դահլիճում, հավաքվել էին շենքի դիմաց ՝ փակելով Աբովյանի ու հարակից փողոցների երթևեկությունը:
Երևան էր ժամանել միջազգային մրցավարների մի խումբ, որը պետք է արձանագրեր նոր ռեկորդի սահմանումը:
Բեմ է բարձրանում Սերգո Համբարձումյանը. դահլիճում կատարյալ լռություն էր:
Դասական եռամարտում Սերգո Համբարձումյանը համաշխարհային ռեկորդ սահմանեց ` (433,5 կգ) 8,5 կգ-ով գերազանցելով գերմանացի Մանգերի արդյունքը:
Դժվար է բառերով փոխանցել այն երջանկության և հպարտության զգացումը, որը տիրում էր Հայաստանում:
Սերգոն կատարեց իր խոստումը, և Ստալինի արձագանքը չուշացավ: Նա դյուցազնին կրկին հրավիրեց Մոսկվա և Կրեմլի իր աշխատասենյակում նրան հանձնեց «Պատվո նշան» շքանշանը: Սերգո Համբարձումյանն առաջիններից էր, ով արժանացավ այդ պատվին:
Բացի այդ, Ստալինը Համբարձումյանին առաջարկեց ընտրել նախատեսված նվերներից մեկը ՝ դաշնամուր կամ ամերիկյան Master Voices մակնիշի պատիֆոնը: Հայ ծանրորդն ընտրեց պատիֆոնը, սակայն, դա էլ դեռ ամենը չէր:
Նա ստացավ ադամանդե քարերով ոսկե ժամացույց, որի վրա պատկերված էր ԽՍՀՄ-ում արտադրված առաջին բեռնատար մեքենան ՝ АМО-ն:

Կրեմլյան ընդունելությանը հաջորդեց շքեղ խնջույքը: Եվ այստեղ էլ Ստալինը նոր անակնկալ մատուցեց` Սերգոյին առաջարկելով դառնալ այդ խնջույքի սեղանապետը:
Առավոտյան նա հյուրանոց վերադարձավ և կնոջը` Թամարային ասաց. «Տոմա, հիմա նույնիսկ մեռնել կարելի է: Ես սեղանապետ էի Ստալինի կազմակերպած խնջույքին»:
Հաջորդ օրը «Красный спорт» թերթը գրեց. «Համբարձումյանը կատարեց ընկեր Ստալինին տված խոստումը: Բուրժուական մարզիկի ռեկորդը գերազանցված է: Աշխարհի ամենաուժեղ մարդը մեր Սերգոն է»:
Ժողովրդի սերը նրա հանդեպ այնքան մեծ էր, որ այդ «սիրո ծանրաձողը» նույնիսկ Սերգոյի նման դյուցազունը կդժվարանար բարձրացնել: Եվ զարմանալի չէ, որ 1939 թվականին կայացած «Սասնա Ծռեր» էպոսի տոնակատարությանը, հենց նա մարմնավորեց Սասունցի Դավիթի կերպարը:
Այնուհետև, սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը և հանդիսականների ծափահարությունները փոխարինվեցին թնդանոթների դղրդյուններով:
Սերգոն էլ կրեց այդ ժամանակների դժվարություններն ու զրկանքները (նա ընդգրկված էր Թիֆլիսի պահեստազորում), ապա պատերազմում հաղթանակից հետո շարունակեց իր մարզական կարիերան:
1946 թվականին Սերգոն ելույթ ունեցավ Փարիզում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որին խորհրդային մարզիկներն առաջին անգամ էին մասնակցում։
Վաստակած միավորների ընդհանուր քանակով Համբարձումյանը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։ Այդ մրցաշարում մրցանակային բոլորը տեղերը գրավեցին ԱՄՆ-ի ներկայացուցիչները ՝ լեգենդար Ջոն Դևիսի գլխավորությամբ:
Մրցման հաջորդ օրը, կազմակերպիչները առաջատար ծանրորդներին հնարավորություն տվեցին գերազանցել համաշխարհային ռեկորդը: Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպանը Սերգոյին հարցնում է՝ արդյո՞ք նա կարող է գերազանցել այդ ռեկորդը և ստանում է դրական պատասխան:
Սերգոն այս անգամ էլ պահեց իր խոստումը ՝ ձախ ձեռքով պոկում վարժությունում սահմանելով համաշխարհային ռեկորդ:
Աշխարհի հաջորդ առաջնությունը պետք է կայանար հաջորդ տարի ՝ Լոնդոնում: Սերգոն ամենայն լրջությամբ էր պատրաստվել այդ մրցմանը, քանի որ դա 38-ամյա մարզիկի վերջին հնարավորությունն էր հաղթել հեղինակավոր մրցաշարում:
Ինչպես նախկինում, այստեղ էլ իր սև գործը կատարեց նորին մեծություն քաղաքականությունը: Անգլիացիները ԽՍՀՄ մարզիկներին մուտքի վիզա չտրամադրեցին, և Սերգո Համբարձումյանն այդպես էլ չկարողացավ իրականություն դարձնել իր վաղեմի երազանքը:
Այդուհանդերձ, 1947 թվականին Համբարձումյանը նորից կարողացավ գրավել բոլորի ուշադրությունը:
Կարմիր հրապարակում անցկացվեց ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթը, որին տրիբունայից հետևում էր երկրի բարձրագույն ղեկավարությունը` Ստալինի գլխավորությամբ։
Համբարձումյանը հայտնվել է հրապարակում` ուսերի վրա տանելով ինչ-որ յուրահատուկ ծանրաձող, որի սկավառակների վրա ամրացվել էին հսկայական գնդեր (ծանրաձողի կշիռը ՝ 440 կգ)։ Այդ գնդերից դուրս են նետվել 22 տղաներ և սկսել են հրապարակում ֆուտբոլ խաղալ։
Ցավոք, անդադար մարզումներն ու տարիքը զգացնել տվեցին. հերթական մրցաշարի ընթացքում Սերգոյի ինքնազգացողության կտրուկ վատացումը բժիշկները բացատրեցին մեկ բառով՝ միկրոկաթված:
Համբարձույանն այլևս չէր կարող մասնակցել մրցումներին և այստեղ էր, որ ժամանակին նետված բումերանգը պետք է վերադառնար լեգենդար մարզիկին, բայց նա այլևս պետք չէր խորհրդային համակարգին:
Անտեսվածություն. այս բնորոշումը լավագույնն է նկարագրում խորհրդային ղեկավարության վերաբերմունքն իր չեմպիոնների նկատմամբ:
Բավարար է հիշել հայտնի հոկեյիստ, Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Վիկուլովին, ով իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց ծայրահեղ աղքատության մեջ: Եվ այդպիսի բախտի էին արժանանում հարյուրավոր մարզիկներ:
Նման վերաբերմունքի արժանացավ նաև Սերգո Համբարձումյանը: Լեգենդար ծանրորդը, ով զրկվել էր կենսաթոշակից, ստիպված էր վաճառել իր մրցանակները, բեռնատարի, ապա տաքսու վարորդ աշխատել:
«Կենտկոմի երկրորդ քարտուղար Գեորգի-Տեր Ղազարյանն ինձ պատմեց, որ հայրս զանգահարել է նրան և խնդրել օգնել իրեն աշխատանքի հարցում: Սերգոն կուսակցական չէր, քանի որ չէր ցանկանում կախվածություն ունենալ խորհրդային համակարգից և այդ խնդրանքով դիմելը ծանր որոշում էր նրա համար:
Տեր Ղազարյանը ՝ հիմք ընդունելով Սերգոյի հետ ընկերական հարաբերությունները, նրան նշանակում է «Մասիս» ռեստորանի հարևանությամբ բացված խորտկարանի տնօրեն:
Սերգոյի համար ամենակարևոր կոչումը, դա ժողովրդի սերն էր, որը նա վայելեց մինչև իր կյանքի վերջին վայրկյաները»,- պատմում է Մհեր Համբարձումյանը:

Սերգո Համբարձումյանը մեր ազգի այն ներկայացուցիչն է, որի տեսակի կարիքը մենք շատ ենք զգում ՝ հատկապես հիմա:
Երբ մտացածին հերոսները ստանձնում են իրականների տեղը, երբ իրական արժեքները ստվերվում են դատարկ բառակույտ հիշեցնող շղարշով, Սերգոյի նման մարդիկ են այն ուղեցույցն, առանց որոնց մեր կյանքը չի վերգտնի իր արժեքը:
Սերգոն այն բումերանգն է, ով ընտրեց ազատությունը, ով ապրեց ազատությունը և ով երբեք չդավաճանեց այդ ազատությանը:
Նարեկ Գրիգորյան