Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Միլանի» հետ պայմանագրի կնքումը: 38-ամյա հարձակվողի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ.
«Վերադառնում եմ այն ակումբ, որը չափազանց շատ եմ հարգում, և քաղաք, որը շատ եմ սիրում: Թիմակիցներիս հետ կպայքարենք, որպեսզի այս մրցաշրջանի ընթացքը բեկենք: Կանեմ ամեն բան, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր նպատակներին»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում «Միլանի» պաշտոնական կայքը:
Զլատանի վերջին ակումբը «Լոս-Անջելես Գելաքսին» էր, որի կազմում նա հանդես է եկել 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի նոյեմբերը: MLS-ի ավարտված մրցաշրջանում շվեդ հարձակվողը 31 խաղում դարձել է 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք՝ Իբրահիմովիչը 2010-ից 2012 թվականներին է հանդես եկել «Միլանում»: Իտալական ակումբի հետ նա դարձել է Իտալիայի չեմպիոն և հաղթել երկրի Սուպերգավաթի խաղարկությունում: