Armsport-ը նախորդ անգամ անդրադարձել էր Արգենտինայի առաջնությունում հանդես եկող տաղանդավոր ֆուտբոլիստներին, ովքեր արդեն իսկ պատրաստ են տեղափոխվել եվրոպական թոփ առաջնություններ։
Այս անգամ մենք կծանոթացնենք Ձեզ համաշխարհային ֆուտբոլային մյուս խոշոր «դարբնոցի»՝ Բրազիլիայի առաջնության տաղանդավոր ֆուտբոլիստների հետ, որոնց մենք շուտով կարող ենք տեսնել եվրոպական թոփ-առաջնություններում։
Յեֆերսոն Սոտելդո
🇻🇪Վենեսուելա
«Սանթոս»
22 տարեկան

22-ամյա կիսապաշտպանը այս տարի է միացել բրազիլական Ա Սերիայի առաջատարներից մեկին՝ «Սանթոսին»։ Վենեսուելայի հավաքականի ապագա աստղը, իսկ նրան այդպիսին են համարում հայրենիքում, բավականին արագ ադապտացվող ֆուտբոլիստ է։ Դրա ապացույցն է նրա արդյունավետ խաղը առաջին իսկ մրցաշրջանում․ 32 խաղ, 9 գոլ․․․ Տպավորիչ է, համաձայնվեք։ Իսկ մինչ այդ նա մի փոքր ավելի համեստ արդյունավետությամբ աչքի էր ընկնում նաև Չիլիի առաջնությունում։ Այնպես որ, պայմանական Լա Լիգայի միջին մակարդակի թիմում Սոտելդոն պետք է որ իրեն զգա ինչպես ձուկը ջրում։
Էնթոնի
🇧🇷Բրազիլիա
«Սան Պաուլո»
19 տարեկան

Էնթոնին ընդամենը 19 տարեկան է, բայց այս մրցաշրջանում նա գրեթե բաց չէր թողնում «Սան Պաուլոյի» հանդիպումները՝ կանոնավոր կերպով խաղալով 90 րոպե: Երտասարդ ֆուտբոլիստների համար դա լուրջ փորձություն է, բայց Էնթոնին պահպանում է մեծահասակների ֆուտբոլի տեմպը, նա ունի իր հաշվին 6 գոլ և 6 գոլային փոխանցում, իսկ «Մորումբիի» տրիբունաները պաշտում են այդ տղայի հիանալի հնարքները: Էնթոնին ձախլիկ է, բայց նախընտրում է խաղալ աջ եզրում, որտեղ նա իր ստեղծագործությունների համար ավելի շատ ազատություն է գտնում: Եվրոպական ակումբների սկաուտները հետևում են Սան Պաուլոյի գլխավոր «գեղանկարչի» յուրաքանչյուր շարժմանը:
Լեո Պերեյրա
🇧🇷Բրազիլիա
«Աթլետիկո Պարանաենսե»
23 տարեկան

Հաճախ խոսելով տաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստների մասին՝ առաջին հերթին մեր մտքով անցնում են հարձակվողները և կիսապաշտպանները։ Սակայն պետք չէ մոռանալ նաև պաշտպաններին, չէ՞ որ նրանք նույնպես շատ մեծ և կարևոր դեր են խաղում մեր կողմից շատ սիրված մարզաձևում։ Լեոնարդո Պերեյրան, կամ պարզապես Լեոն, «Աթլետիկոյի» սան է, 23 տարեկան և արդեն հասցրել է մեկ անգամ գործուղման մեկնել արտերկիր, բայց ոչ Եվրոպա, այլ ԱՄՆ՝ հանդես գալով MLS-ի «Օռլանդո Սիթի» ակումբում։ Սակայն այնտեղ նրա մոտ, մեղմ ասած, ինչ որ բան չստացվեց, և նա վերադարձավ հայրենիք։ Վերադարձը բավականին հաջող ստացվեց, և 2018 թ․ մրցաշրջանը նրա համար բավականին հաջող էր, ինչպես և այս մրցաշրջանը։ Պատահական չէ, որ իտալական ակումբները հետաքրքրված են բարձրահասակ պաշտպանի ծառայություններով (189 սմ), այդ թվում նաև «Ռոման»: Միգուցե արդեն մեկ ամսից նա դառնա Մխիթարյանի թիմակի՞ցը․․․ Միգուցե
Էվերտոն
🇧🇷Բրազիլիա
«Սան Պաուլո»
23 տարեկան

Էվերտոնը կարող է տեղափոխվել «Էվերթոն»․․․ Շատերի համար մեդիայի կողմից կատակ է հնչում այս արտահայտությունը։ Սակայն, ամենայն լրջությամբ, լիվերպուլյան ակումբը հավակնում է Բրազիլիայի հավաքականի հարձակվողին՝ ցանկանալով իր խաղը կառուցել բրազիլական դուետի շուրջ, չէ՞ որ արդեն մեկ բրազիլացի հանդես է գալիս այդ ակումբում՝ Ռիշարլիսոնը։ Սակայն անգլիական ակումբը ունի լուրջ մրցակիցներ․ «Արսենալ», «Տոտենհեմ», «Միլան», «Բավարիա»․․․ Համենայն դեպս, 23 խփած գնդակ, 10 գոլային փոխանցումներ այս մրցաշրջանում, բավականին հաջող ելույթները Ամերիկայի գավաթի խաղարկությունում թույլ են տալիս վստահորեն ասել․ «Էվերտոն, Բրազիլիայի առաջնությունը Քեզ համար արդեն թույլ է, ժամանակն է ուժերը փորձել Հին աշխարհում»․․․
Վար Բաբայան
Շարքի նախորդ մասերը
MLS-ի 7 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փայլել Հին աշխարհում