Կա՞ թիմ, որի խաղին միշտ երազել եք ներկա լինել: Կա՞ խաղ, որը երբեք չեք մոռանա: Եթե ձեզ հարցնեն՝ ո՞րն է երբևէ ձեր դիտած ամենահիշարժան հանդիպումը, ո՞ր խաղը կմատնանշեք… Մարզական լրագրությամբ զբաղվում են մարդիկ, որոնց համար սպորտը տարերք է, որոնք նույնպես երազում են սիրելի թիմի խաղին մի օր մարզադաշտից հետևելու մասին:
ArmSport-ը նոր շարք է սկսել՝ մեր գործընկերների հուշերով ձեզ տեղափոխելու մարզադաշտեր,որտեղ նրանք ներկա են եղել իրենց համար ամենահիշարժան խաղերին:
Այս անգամ մեզ հետ իր հիշողություններով է կիսվել Հանրային հեռուստաընկերության լրագրող Գևորգ Ղազարյանը, որը համագործակցում է նաև ArmSport-ի հետ։

Հիշարժան խաղեր չափից շատ եմ ունեցել։ Բայց երբ թվում է, թե դրանցից շատերը մոռացել ես կամ էլ աղոտ ես հիշում, ճիշտ առիթն է վերհիշել հենց նրանք, որոնց առանձնապես ուշադրություն չես դարձրել։ Խաղեր վերհիշելու առիթներ շատ են լինում։ Փորձում եմ ամեն նման դեպքում տարբեր խաղեր ու մրցաշարեր մտաբերել։

2013 թվականին առիթ եղավ «Միկա» ֆուտբոլային ակումբի հետ ուղևորվելու Չեռնոգորիա՝ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում։ Դիմակայության առաջին խաղն էր ու կարծես թե մրցակիցը՝ չեռնոգորական «Ռուդարը», վատագույն տարբերակը չէր։ Չնայած պետք է խոստովանել, որ նաև ամենաթույլ մրցակիցը չէր հնարավոր թեկնածուներից։ Ինձ համար դա առաջին ուղևորությունն էր արտերկիր ակումբի հետ։ Առիթ էր հասկանալու, թե ինչպես են կազմակերպվում նման մակարդակի միջազգային խաղերը։ Կցված էի թիմին ու փաստացի գիտեի բոլոր մանրամասները, թե ինչպես ձեռք բերվեց համաձայնություն չարտերային չվերթի համար ու նման այլ բաներ։ Ֆուտբոլի կենցաղային հատվածի բոլոր մանրամասները աչքիս դիմաց էին և հենց նման դեպքերում ես ընկալում, թե որքան հսկայական նշանակություն ունի ամեն մանրուք։ Բալկանյան ազգերի նկատմամբ առանձնահատուկ սեր եմ միշտ ունեցել ու ժամանակին փորձել էի ինքնուրույն սովորել «սերբախորվաթերեն»։ Դա Հարավսլավիայի գոյության տարիներին ընդունված գրական լեզուն էր ամբողջ պետության տարածքում։ Հետաքրքրությունս լրացնում էր նաև առաջին մասնագիտությունս՝ քաղաքագետ եմ։ Մի քանի օրը բավական եղավ, որ վերհիշեմ նախ լեզվի մակերեսային գիտելիքներս, ապա և սկսեցի ինտենսիվ հաղորդակցվել տեղի բնակչության հետ։ Ես եկել էի ֆուտբոլային հանդիպման որպես մարզական լրագրող-ֆոտոլրագրող, բայց մշակութային ու գաղափարական բազմաթիվ այլ հարցերով պայմանավորված, ինձ ավելի շատ զգում էի որպես ազգագրագետ։ Հիշում եմ անգամ հարցազրույցների շարք արեցի, որոնք դարձան «long-read story»-ի հիմք, թե ինչպես է ապրում նորանկախ պետությունը։ Հիշում եմ հարցիս, թե իրենք ինչ ազգի ներկայացուցիչ են, միջին ու բարձր տարիքի մարդիկ պատասխանում էին․
— Սերբ, իհարկե սերբ։
Հետո արդեն պարզեցի, որ երիտասարդության շրջանում տարածված միտում կա սեփական էթնիկ պատկանելիության մասին հարցին պատասխանել՝ «չեռնոգորցի եմ» տարբերակով։ Բայց ամեն դեպքում պետք է նշել, որ տոկոսային հարաբերակցությամբ նմանները շատ չէին։

Չեռնոգորիան ընկալվում է որպես զբոսաշրջային պետություն, սակայն մայրաքաղաք Պոդգորիցան հիշեցնում էր գեղեցիկ գավառային քաղաք։ Ֆուտբոլային խաղի մասին շատ բան չէիր գտնի փողոցներում։ Ոչ մի հիշատակում։ Գնել էի մի քանի օրաթերթ, որոնցում փոքրիկ անդրադարձեր գտա խաղի, սակայն ոչ մի տող Հայաստանի ու «Միկա»-ի մասին։ Հետո հանդիպեցի տեղի մի լրագրողի։ Շատ ուրախացավ իմանալով, որ Հայաստանից թիմի հետ կոլեգա է ժամանել։ Հարցուփորձ արեց իմանալու համար, թե ինչպես պետք է արտասանվի այս կամ այն ֆուտբոլիստի անուն-ազգանունը, հետո արդեն խաղը մեկնաբանողի հետ ծանոթացա։ Նրա հարցերն էլ հիմնականում նույն թեմայով էին՝ «ինչպես արտաբերել այս անունը՝ Պետրուսան՞, այո՞»,- «Ո՛չ, սա ազգանունն է՝ Պետրոսյան․․․»։ Հետո տվեց մի հարց, որին ցավոք պատասխանեցի միայն խաղից հետո։

— Գևորգ, Հայաստանի ու Չեռնոգորիայի միջև ինչ-որ կապի մասին բան գիտե՞ս։ Պատմական, մշակութային, քաղաքական, որևէ ․․․
— Չեմ մտաբերում,- եղավ պատասխանս։
Խաղից հետո զվարճալի դեպք եղավ։ Խաղում պարտվեցինք 0:1 հաշվով ու նախատեսված էր հետխաղյա մամուլի ասուլիս։ Չնայած «Միկա»-ում անգամ լեգիոներներ կային, այդուհանդերձ, բոլորը հասկանում էին հայերեն, քանի որ տարիներ շարունակ խաղում էին Հայաստանում, այնպես որ թիմում օտար լեզուների իմացությամբ թարգմանիչ չկար։ «Միկա»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը ասուլիսին ներկայացավ ու ասաց, որ կարող է ռուսերեն պատասխանել։ Խառնաշփոթ էր, չեռնոգորցիները ռուսերեն չգիտեին ու հարցնում էին․ «արդյո՞ք անգլերեն կարող է պատասխանել, կամ կա մեկը, ով կհասկանա ռուսերեն ու կթարգմանի այդ ամենը անգլերեն»։ Ոչ մեկ չկար։ Մտքովս անցավ առաջարկել իմ թեկնածությունը։ Մոտեցա ասուլիսի մասնակիցներին ու ասացի․ «հարցերը տվեք (նկատի ունենալով, որ անգամ եթե խոսեն սերբերեն կթարգմանեմ մի կերպ, բայց պատասխանելու եմ անգլերեն)»։ Սկսեցին հարցեր տալ, սակայն անգլերեն, որն իմ գործը ավելի հեշտացրեց։ Ձեռքիս ֆոտոխցիկն էր, իսկ ես թարգմանում էի ասուլիսի ընթացքը՝ մոռացած իմ բուն պարտականությունները։ Ասուլիսի վերջում բոլորը նաև ինձ էին շնորհակալություն հայտնում, այդ թվում և խաղը մեկնաբանած չեռնոգորցի մարզական լրագրողը։ Առիթը չկորցրեցի ու ասացի, որ ուշացումով սակայն նրա հարցի պատասխանը այժմ ունեմ․․․
— Հարցնում էիր, թե արդյոք կա՞ որևէ կապ Հայաստանի ու Չեռնոգորիայի միջև։
— Այո՛, այո՛ ու ի՞նչ կապ կա։
— Ձեր մայրաքաղաք Պոդգորիցայի նախկին՝ հարավսլավական անունը կհիշես չէ՞, Տիտոգրադ,- հարցրի ես։
— Իհարկե, Տիտոգրադ,- պատասխանեց։
— Ես Երևանում ապրում եմ Խաղաղ Դոն փողոցի վրա գտնվող շենքում, բայց մեր թաղամասում Խաղաղ Դոնի հետ խաչմերուկ կա ու այդ երկրորդ փողոցը, որտեղ գտնվում է նաև Երևանի ամենախոշոր հիվանդանոցներից մեկը, այժմ էլ կոչվում է Տիտոգրադյան․․․

Իրար գրկած խնդացինք մոտ տաս րոպե։ Հետո ասաց, որ չի հավատում։ Ցույց տվեցի Google Earth-ով։ Նայեց ու ևս տաս րոպե շարունակեցինք ծիծաղել ․․․
Շարքի համակարգող՝ Ստելլա Բաբլոյան
Շարքի նախորդ նյութերը՝
Երազանք, որ իրականացավ 8 տարի անց․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Վալերյանկա+ֆուտբոլ=ՍԵՐ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Հայերով ցնծում էինք, իսկ Մխիթարյանը մխիթարում էր Սոկրատիսին․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Անընդհատ նայում էի ու աչքերիս չէի հավատում․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Գնալով երազանքին ընդառաջ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Լինում են խաղեր, երբ ոչնչով չես տարբերվում երկրպագուից․ մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Լեհ կոլեգաներս ներողություն էին խնդրում Լևանդովսկու գոլի համար․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը
Ամենահիշարժան խաղը, որին ներկա եմ եղել․ Պատմում են լրագրողները