«Արագած» ՖԱ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Արա Նիգոյանը, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Նիգոյանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Նիգոյանը աշխատել է ոչ վաղ անցյալի անվանի թիմերում՝ «Իմպուլսում», «Միկայում»: Այնուհետև աշխատել է «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») մարզչական շտաբում, եղել է 2-րդ թիմի գլխավոր մարզիչը: 2018 թվականին նա եղել է Աբրահամ Խաշմանյանի օգնականը «Արարատում», ապա հաջորդ տարի «Ալաշկերտում»:
Նիգոյանը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբում:
Արա Նիգոյանն «Արագածի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Յուրի Օկուլին: Վերջինս, հիշեցնենք, թիմին հրահանգել էր չմասնակցել Առաջին խմբի առաջնության 19-րդ տուրի՝ «Դիլիջանի» հետ խաղի երկրորդ կեսին, ինչի արդյունքում «Արագածին» տեխնիկական պարտություն էր գրանցվել: «Արագածը» ներողություն էր խնդրել կատարվածի համար ու նշել, որ ակումբում կանցկացվի ներքին քննություն:
«Արագածն» այս պահին Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 20 միավոր:
Նիգոյանի գլխավորությամբ առաջին խաղում Աշտարակը ներկայացնող թիմը մայիսի 31-ին կհյուրընկալվի «Տորպեդոյի» կողմից: Խաղը կկայանա Աբովյանի Քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի ժամը 16:30-ին: