Ֆուտբոլում, ոչ շատ հաճախ, բայց լինում են դեպքեր, երբ ֆուտբոլիստները որոշում են խաղակոշիկները կախել մեխից, սակայն հետո, ինչ-ինչ իրավիճակներից ելնելով, կրկին վերադառնում են խաղադաշտ։ Ոմանք հասկանում են, որ ժամանակից շուտ են հեռացել մեծ խաղից, ոմանց գայթակղում են մեծ հոնորարները, իսկ ոմանք էլ երիտասարդ տարիքում չեն կարողանում գտնել իրենց մեծ ֆուտբոլում, սակայն միևնույն է, հեռանալու որոշումը ընդունելու շեմին ստանում են ևս մեկ հնարավորություն․․․ Այսպիսիք են այսօրվա մեր հերոսները։
⚽ Հակիմ Մաստուր․ Շանս N4 կամ N5

«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Հակիմ Մաստուրը վերադարձել է Իտալիա, որտեղ կարիերան կշարունակի «Ռեջինայում», որը ելույթ է ունենում C սերիայում: Այս մասին հայտնել է ակումբի մարզական տնօրեն Մասիմո Տաիբին:
2012-ին, երբ Մաստուրին ձեռք բերեց «Միլանը», նրան համարում էին ամենախոստումնալից երիտասարդներից մեկը: Սակայն նա այդպես էլ չկարողացավ որևէ խաղ անցկացնել «Միլանի» կազմում: Հաջողությամբ չպսակվեցին նաև վարձավճարով «Մալագայում» և «Զվոլեում» խաղալու փորձերը:
Մաստուրը 7 խաղ է անցկացրել Իտալիայի Մ-16 հավաքականում, իսկ 2015-ին նորամուտը նշեց Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում՝ 17 տարեկան հասակում:
Մաստուրն առանց ակումբի էր մնացել այն բանից հետո, ինչ լքել էր հունական «ՊԱՍ Լամիան», և թվում էր, որ երիտասարդ ֆուտբոլիստը ընդհանրապես կդադարեցնի իր ֆուտբոլային կարիերան․ նա վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել 2018-ին։ Սակայն այժմ 21-ամյա մարոկկացին հնարավորություն ունի կարիերան վերսկսելու «Ռեջինայում», որը վերջին մրցաշրջաններում անկում է ապրել:
«Մեզ համար սա կարևոր գործարք է, քանի որ հավատում ենք նրա տաղանդին ու նախկին մակարդակին վերադառնալու ցանկությանը», – Տաիբիի խոսքերն է մեջբերել Ալֆրեդո Պեդուլլայի կայքը:
Մաստուրն արդեն հասցրել է 1 խաղ անցկացնել իտալական ակումբի կազմում։
⚽ Պաբլո Օսվալդո. Վերադարձ հայրենիք

Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» նախկին հարձակվող Պաբլո Օսվալդոն վերսկսել է ֆուտբոլիստի կարիերան։ 33-ամյա հարձակվողը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել արգենտինական «Բանֆիլդի» հետ:
Նախկինում նշվում էր, որ Օսվալդոն կարող է տեղափոխվել «Խիմնասիա», որը գլխավորում է լեգենդար Դիեգո Մարադոնան: Հիշեցնենք, որ Օսվալդոյի վերջին ակումբը եղել էր «Բոկա Խունիորսը», որտեղ նա հանդես էր եկել 2016 թվականին:
⚽ Թիմ Հովարդ․ Խաղացող տնօրեն

«Էվերթոնի» և ԱՄՆ հավաքականի նախկին դարպասապահ Թիմ Հովարդը վերսկսել է խաղային կարիերան: 40-ամյա դարպասապահը պայմանագիր է կնքել «Մեմֆիս 901» ակումբի հետ, որի համասեփականատերերից մեկը հանդիսանում է հենց Հովարդը:
Հովարդը նաև կշարունակի զբաղեցնել «Մեմֆիսի» մարզական տնօրենի պաշտոնը՝ խաղալով ԱՄՆ-ի ֆուտբոլի երկրորդ ամենաուժեղ լիգայի՝ USL առաջնությունում:
Իսկ այժմ անդրադառնանք երկու հանրահայտ ֆուտբոլիստների, ովքեր կարող են վերսկսել իրենց կարիերան։
⚽ Արյեն Ռոբեն․ Լեգենդը կարող է վերադառնալ

Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը կարող է վերսկսել կարիերան՝ պայմանագիր կնքելով բրազիլական «Բոտաֆոգոյի» հետ: Այս տեղեկությունը մեկնաբանել է ակումբի փոխնախագահ Ռիկարդո Ռոտենբերգը:
«Ես կապվեցի Ռոբենի հետ, մենք նրան լավ առաջարկ արեցինք: Դա հեշտ չի լինի, քանի որ նա չի խաղացել երկար ժամանակ: Բայց եթե նա որոշի վերադառնալ, կկարողանա 4 անգամ ավելին վաստակել, քան մյուսները»,-ասել է Ռոտենբերգը:
Հիշեցնենք, որ Ռոբենը կարիերան ավարտել է 2019-ի ամռանը:
Բրազիլական ակումբում այժմ հանդես է գալիս ևս մեկ հանրահայտ վետերան ֆուտբոլիստ՝ ճապոնացի Կեյսուկե Հոնդան, ով նույնիսկ հասցրել է աչքի ընկնել գոլով իր մեկնարկային խաղում։
⚽ Ջիբրիլ Սիսե․ 100 գոլի երազանք

«Լիվերպուլի», «Մարսելի» և «Կուբանի» նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն տառացիորեն օրեր առաջ ասել է, որ պատրաստվում է վերսկսել խաղային կարիերան:
«100 գոլ Ֆրանսիայի առաջնությունո՞ւմ: Սկզբում դա գրեթե կատակ էր, բայց հետո այն իսկապես ցանկություն դարձավ: Միշտ ասում էի, որ 100 գոլի շեմի հաղթահարումն ինձ համար շատ կարևոր բան էր: Ինձ պակասում է չորս գոլ:
Եթե դա տեղի չունենա, ապա ես գոնե փորձելու եմ: Այս միտքը ինձ հանգիստ չի տալ: Ես չեմ կարող ստել ինքս ինձ, ես դեռ կարող եմ օգուտ բերել որևէ թիմի»,- մեջբերում է ֆուտբոլիստին Goal-ը:
38-ամյա ֆրանսիացին ավարտել է իր կարիերան 2018-ին։ Նրա վերջին ակումբը իտալական «Վիչենցան» էր։ Սիսեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է ֆրանսիական «Օսերում»։