Մեսսի – Ռոնալդու, Ռոնալդու – Մեսսի. մոտ 10 տարի ՝ «Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա» հանդիպումների առանցքը կազմեցին այս «այլմոլորակայինները»:
Անվերջանալի համեմատությունները, բանավեճերը հոգնեցրել էին իրենց պարզությամբ և միապաղաղությամբ: Շատ դեպքերում, այն արհեստական ատելությունը, որով միմյանց շռայլորեն «լղոզում» էին երկրպագուները, այս դիմակայությունը վերածում էր աստեղային պատերազմների: Այս ամենին վերջ չտրվեց նույնիսկ այն ժամանակ, երբ պորտուգալացին լքեց «Արքայական ակումբը»:
Եթե հարցը չեն կարողանում լուծել մարդիկ, ապա դա նրանց փոխարեն անում է բնությունը: «Ավազե ժամացույցի» ընթացքը անհնար է կանգնեցնել: Կուռքերը հեռանում են ՝ այդպես էլ նույն թիմում չխաղալով: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ֆուտբոլային դուալիզմի գլխավոր հեղինակները չհայտնվեցին «բարիկադների» նույն կողմում:

Ապշել կարելի է. այս նյութը ընթերցողներից շատերը նրանցից բացի ոչինչ չեն տեսել: 18-22 տարեկան երիտասարդները մեծացել են այս դիմակայության վրա: Նրանք իրենց գիտակից կյանքը բաժանել են այս երկուսի միջև: Ոմանք, արդեն երեխաներ ունեն, բայց երբ գործը հասնում է ՝ Ռոնալդու-Մեսսի համեմատությանը, իրենք են վերածվում փոքրիկ երեխաների:
Անտագոնիզմը այս դուետի լավագույն կերպարանքն է: Հասկանալի է, որ կոմերցիոն դարաշրջանում շահավետ չէ նրանց մեկ թիմում ընդգրկել, նույնիսկ ՝ ընկերական խաղերում: Բայց առանց այդ էլ մեր հերոսները այնքան տարբեր են, որ արհեստական տարանջատման կարիք չեն զգում:
Այսպիսի բան երբևէ չենք տեսել, որ երկու ֆուտբոլիստ այսքան տարիներ իշխեն համար 1 սպորտաձևում: Ռոնալդուն 2003-ին արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղիկն էր, իսկ Մեսսին սկսեց փայլատակել երկու տարի անց: Նրանց միջև առկա 2 տարվա տարբերությունն էր պատճառը, որ Մեսսիին սկսեցին համեմատել Ռոնալդուի հետ, այլ ոչ՝ հակառակը:
Նրանցից առաջ

Գլխավորն այն է, որ այս հակամարտությունը ոչնչացրեց «Ֆուտբոլի արքա» եզրույթը: Այն շնորհվել էր լեգենդար Պելեին, ով երկար տարներ իշխում էր կանաչ խաղադաշտերում: Սակայն, դա տեղի ունեցավ բրազիլացու կարիերայի ավարտին միայն, քանի որ Բրազիլիայի հավաքականի առաջին հաղթանակները առավելապես կապվում էին Գարինչայի անվան հետ: Բրազիլական մամուլն այն տարիներին հաջողությունը բաժանել էր այս երկուսի միջև:

70-ականներին էլ բարդ էր խոսել դուալիզմի մասին: Ֆուտբոլային թատերաբեմը «զավթել» էին Յոհան Կրոյֆը և Ֆրանց Բեկենբաուերը: Նրանք իրենց հավաքականների ավագներն էին, բայց սա էլ այն չէր: Չկար այն կայծը, որը տեսնում ենք այսօր: Ինչ կարող ես ասել. ժամանակներն էին ուրիշ:

80-ականները մեզ նվիրեցին Պլատինիի և Մարադոնայի հակամարտությունը: Բայց, սա էլ թերի պիես էր հիշեցնում: Ֆրանսիացին ավելի տարեց էր և իր ֆուտբոլային գագաթնակետին հասավ այն ժամանակ, երբ Մարադոնան դեռ նոր էր սկսում իր վերելքը:
Այդուհանդերձ, Իտալիայի առաջնությունում նրանք 3 տարիների ընթացքում «կրծոտեցին» միմյանց, որոնցից վերջինում հաղթեց Մարադոնան: 1990 թվականին «Նապոլին» խլեց չեմպիոնական տիտղոսը «Յուվենտուսից» և «Միլանից»: Կոկայինային անուրջներում գտնվող Մարադոնան, ում այդ գործում անձնվիրաբար աջակցում էին թիմակիցները, ոչ երկրային ֆուտբոլ էին ցուցադրում:

90-ականները մեզ նվիրեցին տաղանդավոր ֆուտբոլիստների մի սերունդ, որտեղ առանձնանում էր «Ֆենոմենը»՝ Ռոնալդոն:
Այո, իմ փոքրիկ ընթերցողներ. ժուկով-ժամանակով, մի գեղեցիկ թագավորությունում ապրում էր Ռոնալդոն, ով դեռ չգիտեր Ու-ով գրվող իր անվանակցի մասին:
Բախտս բերել է, որ հասցրի դիտել Մարադոնայի և Ռոնալդոյի անզուգական խաղը: Ա՜խ տարիներ, տարիներ… Երբեմն, այս տողերը գրելիս ինձ բավական ծեր եմ զգում: Ինչպես կասեր նոր սերնդի մի հատվածը ՝ «ռիթմի տակ չես ծլվլում»:
Նրանցից հետո

Ինչևէ. վերադառնանք օրվա հերոսներին: Մեսսին և Ռոնալդուն լոկ ֆուբոլիստներ չեն: Նրանք մեդիա դեմքեր են, ովքեր վաճառում են իրենց: Եվ դա հրաշալի է:
Դուալիզմ. նյութականի և հոգևորի տարանջատում: Եվ բացարձակ կարևոր չէ, թե այս երկուսից ում եք տեղադրում այս սուբտանցների մեջ:
Հասկացե՛ք, որ դա անում եք ՝ ձեր գլուխներում, ձեր մտքերում, ձեր երևակայությունում:
Ընդունե՛ք՝ նրանք կան, ապրում ու իշխում են առանց ձեզ, իսկ դուք առանց նրանց՝ ոչ: Կասեք՝ ու՞մ են նրանք պետք առանց մեզ. իրենց, հարգելիներս:
Նրանք անում են այն, ինչ պետք է անեն ՝ չմտածելով հետևողների մասին: Նրանք անխնա օգտագործում են իրենց շնորհված տաղանդը, քանի որ այլ ճանապարհ չկա:
Սալվադոր Դալին սիրում էր կրկնել. «Ես նկարում եմ և դա չեմ անում ուրիշների գնահատանքին արժանանալու համար: Դա անում եմ, քանի որ կմահանամ այն պահին, երբ դադարեմ նկարել»:

Այսպիսի մարդիկ շատ չեն, հավատացեք: Ռոնալդուն և Մեսսին խաղադաշտից դուրս կորցնում են իրենց փայլը: Խոսքը, գովազդային շապիկների մասին չէ: Կարծում եմ կդժվարանաք հիշել, թե երբ են նրանք հետաքրքիր հարցազրույց տվել, պատմել մի բանի մասին, ինչը դուք չգիտեք:
Խոսելը նրանց հաղթաթուղթը չէ. այն ձեզ լռեցնելու, խոսելու ընդունակությունից զրկելու մեջ է: Հեռուստացույցին գամելու և երեխայի նման ցատկոտել ստիպելու մեջ է:
Եվ ինչպե՞ս դա պետք է տեղի ունենար, եթե նրանք խաղային նույն թիմում: Ոչ, ոչ բարեկամներ…Մոցարտը և Սալիերին, Բախը և Հենդելը նույն նոտաները չեն լսում:
Համեմատելու, վիճելու ժամանակն անցել է: Պետք է հասցնել վայելել նրանց խաղը: Կորոնավիրուսը միացրել է «ավազե ժամացույցը»: Յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր բաց թողած րոպեն թանկ արժեն:

Եթե ինչ-որ անբացատրելի, աններելի պատճառով դեռ չես վարակվել նրանց խաղով, հանի՛ր դիմակդ, շնչի՛ր թարմ օդը և խնդրի՛ր բոլոր իրական և մտացածին աստվածներին՝ նրանց շուտափույթ վերադարձի մասին:
Այս երկուսը ՝ ֆուտբոլի պատմության գլխավոր դուալիզմի հեղինակներն են, ովքեր հեռանում են. նրանք հեռանում են, քանի որ յուրահատուկ են:
Հեռանում են, քանի որ անկրկնելի են: Իսկ մենք…..մենք մնալու ենք հեռուսատցույցի առջև և կերտելու ենք նոր հերոսներ: Դրա համար առանձնահատուկ տաղանդ և ջանք չի պահանջվում:
Նարեկ Գրիգորյան