Միջազգային օլիմպիական կոմիտեն մեծ ջանքեր է գործադրում՝ փրկելու տարվա գլխավոր սպորտային իրադարձության կայացումը: Այս պահին ՄՕԿ-ի գլխավոր խնդիրը՝ բազում չեղարկված օլիմպիական վարկանիշային մրցաշարերի կայացման համար ճիշտ ու հարմար ժամանակ ընտրելն է:
ՏՈԿԻՈ-2020-ի ճակատագիրը, միգուցե, որոշվի այսօր:
Միջազգային Օլիմպիական Կոմիտեն այսօր արտահերթ բանակցություններ կանցկացնի անդամ կազմակերպությունների հետ՝ COVID-19- ի տարածման կանխարգելման կապակցությամբ: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հեռուստակոնֆերանս կունենա մարզական միջազգային ֆեդերացիաների հետ: Կքննարկեն Խաղերի մեկնարկից 4 ամիս առաջ ստեղծված իրավիճակը: Չնայած այս ամենին՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շարունակում է պնդել, որ Օլիմպիական խաղերը, այնուամենայնիվ, կանցկացվեն:

Reuters-ի փոխանցմամբ, Օլիմպիական կոմիտեն այսօր հեռակա կարգով կանցկացնի 2 կոնֆերանս: Առաջին օնլայն կոնֆերանսին կմասնակցեն միջազգային սպորտային ֆեդերացիաների ղեկավարները, իսկ մյուսը` ՄՕԿ-ի գործադիր համաժողովն է, որի ժամանակ ոչ մի որոշման կայացում չի սպասվում: Կառույցի մեկնաբանությունում ասված է, որ այն «հիմնադիրների հետ մշտապես քննարկում է իրադարձությունների զարգացումը» ։
Սպորտը դարձել է կորոնավիրուսի հիմնական զոհերից մեկը, և այս պահին չչեղարկված շատ քիչ սպորտային իրադարձություններ կան:
Օլիմպիական խաղերը, որոնք պետք է ըստ նախնականի մեկնարկեն հուլիսի 24-ին, հնարավոր է հետաձգվեն, և այս խոսակցությունը սովորական է դարձել բոլորի համար այնպես, ինչպես Օլիմպիական ջահի փոխանցավազքի՝ առանց հանդիսատեսի մեկնարկն ու ժամանակից շուտ դադարեցումը:
Փաստ է, որ Օլիմպիական խաղերի մեկնարկից 4 ամիս առաջ ՄՕԿ-ը չի ցանկանում ընդունել, որ իրավիճակն անհույս է: Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլի համակարգող Ջոն Քոութսը The Australian-ին տված հարցազրույցում պատմել է նախորդ շաբաթ Լոզանում կայացած իր ու ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի՝ ընթրիքի ժամանակ զրույցի մասին։

Բախի խոսքերն ամփոփելով՝ Քոութսը նշել է, որ ճապոնական կողմին վստահելու բոլոր հիմքերը կան։ Նաև ավելացրել է, որ Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկված միջոցառումները վկայում են, որ մարզիկները պաշտպանված կլինեն:
Հանդիպման ընթացքում Բախը խոսել է գլխավոր խնդրի մասին, որից խուսափել այլևս հնարավոր չէ: Խոսքը՝ չեղարկված բազմաթիվ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասին է: Որոշ մրցաշարեր հետաձգվել են անորոշ ժամկետով, իսկ որոշ մրցաշարերի կայացումն ընդհանրապես հարցականի տակ է, իսկ առանց այդ մրցաշարերի անհնար է ձևավորել Օլիմպիական խաղերին մասնակից մարզիկների ցանկը:
Անցած շաբաթ այդ թեման արդեն բարձրացրել էր ՄՕԿ-ի մարզական տնօրեն Քիթ Մակքոնելը ։ Reuters-ի տրամադրության տակ է հայտնվել նրա նամակը, որը հասցեագրված է միջազգային մարզական ֆեդերացիաներին: Դրանում ֆունկցիոները նրանց առաջարկում է «օպերատիվ հավանություն տալ որակավորման համակարգի փոփոխություններին»։ Կասկած չկա, որ այսօրվա հեռուստակոնֆերանսի հրատապ թեման կլինի նաև միջոցառումների օրակարգը։
Ըստ միջազգային լրատվամիջոցների, ՄՕԿ-ը պատրաստվում է փոփոխություն մտցնել օլիմպիական վարկանիշային մրցաշարերում և նույն մարզաձևի մի քանի մրցաշար միացնել իրար ու հենց այդ մեկ մրցաշարում խաղարկել բոլոր ուղեգրերը։ Հնարավոր է նաև որակավորման ժամանակաշրջանները երկարացվեն մինչեւ հունիսի 30-ը, վերաբաշխվեն օլիմպիական քվոտաները, ինչպես նաև վերացվեն օլիմպիական մի շարք որակավորման չափանիշներ։
Ճիշտ է, դեռ պարզ չէ՝ ինչպես է հնարավոր այս ամենը համակարգել ու կյանքի կոչել՝ միաժամանակ կոնֆլիկտ չառաջացնելով օլիմպիական միջավայրում:
Քոութսը հարցազրույցի ժամանակ ստիպված է եղել պատասխանել նաև այն հարցին, թե ինչ է լինելու չեղարկված վարկանիշային մրցաշարերի ճակատագիրը: Հարցին ի պատասխան, Քոութսը կրկին մեջբերում է կատարել իր ու Թոմաս Բախի զրույցից՝ նշելով, որ «Թոմաս Բախը հորդորել է ՄՕԿ-ին ու միջազգային ֆեդերացիաներին որքան հնարավոր է ճկուն գործել»: