Գևորգ Ղազարյանը Armsport-ի մարզական ֆոտոլրագրողն է, ով 2012 թվականից փաստավավերագրում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս ամենակարևոր մարզական իրադարձությունները։ Լուսանկարները շատ հաճախ կարճ կյանք են ունենում, քանի որ հանդիպումները, միջոցառումները որոշ ժամանակ անց մատնվում են մոռացության, այդ թվում պատմության գիրկն են գնում ինքնին նկարները։ Միաժամանակ, ֆոտոլրագրողը ֆիսքելով ամենահետաքրքիր պահերը, հիշողության մեջ պահում է նաև պատմություններ, որոնք շատ դեպքերում ուղիղ առնչություն չունեն տվյալ խաղի կամ իրադարձության հետ, սակայն լավագույնս նկարագրում են այն մթնոլորտը, որը եղել է այդ նույն իրադարձության շուրջը։ Առաջարկում ենք պատմական էքսկուրս կատարել Գևորգ Ղազարյանի ֆոտոպատմություններով և վերհիշել պատմություններ, որոնք շատերը կամ մոռացել են, կամ էլ առհասարակ չեն իմացել։
— Բալոտելլին շուտ գնաց հանդերձարան, երևի լավ չէր զգում։ Հնարավոր է` վաղը չխաղա ․․․
Իտալիայի հետ 2012 թվականի խմբային որակավորման փուլի երրորդ տուրի խաղից մեկ օր առաջ «Հրազդան» ստադիոնում տեղի ունեցավ երկու ընտրանիների բաց մարզումները։ Լրագրողներին, ինչպես միշտ, թույլ տվեցին հավաքականների մարզմանը հետևել 15 րոպե։ Հետո պարզվեց, որ իտալացիները դեմ չեն որ լրագրողներն ավելի երկար մնան։ Ինչ-որ մի պահի Բալոտելլին լքեց «Հրազդան» ստադիոնի խոտածածկն ու գնաց հանդերձարան։ Բազմաթիվ լրագրողներ դա չնկատեցին, ինչպես և ես, սակայն պահը չվրիպեց վաստակաշատ Սուրեն Բաղդասարյանի աչքից, ում հարևանությամբ կանգնած նկարում էի իտալական ֆուտբոլի աստղերին, իսկ դրանց թվում առանձնահատուկ տեղ ուներ նաև Բալոտելլին։

Այդպես էլ եղավ․ Բալոտելլին պարզվեց՝ մրսել էր ու վատ զգացել. համենայն դեպս նման ինչ-որ պատճառ ներկայացրեց գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին։
Այդուհանդերձ, անգամ առանց հարձակման գծի իր գլխավոր հարվածային ուժի, իտալացիները կարողացան բեկել հանդիպման ընթացքը. Պիրլոն բացեց հանդիպման հաշիվը, «Շախտյորում» իր լավագույն մրցաշրջանն անցկացնող Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց այն:


Մերոնց գոլին, սակայն, երկրորդ կեսում Իտալիայի ընտրանին պատասխանեց Դե Ռոսիի ու Օսվալդոյի դիպուկ հարվածներով` 1:3 հօգուտ հյուրերի։



Այս դիմակայությունը հիշարժան էր տարբեր պատճառներով, սակայն ամենակարևորը թերևս պարզ դարձավ հետագայում` ամիսներ անց, երբ հասկացանք, որ այն «Հրազդան» ստադիոնում անցկացված վերջին հանդիպումներից մեկն էր:



2012 թվականի հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած խաղից հետո ևս մեկ անգամ, իհարկե, Հրազդանն ընդունեց Ազգային ընտրանուն՝ Դանիայի դեմ որակավորման փուլի խաղում, ինչից հետո հավաքականի ֆուտբոլիստներն այլևս ոտք չեն դրել Հրազդան մարզադաշտի խաղադաշտ։
Որոշ ժամանակ նաև Հայաստանի Բարձրագույն խմբի հանդիպումներ են նշանակվել «Հրազդան» ստադիոնում, սակայն այդ ժամանակներն էլ ավարտվեցին:

Հայկական ֆուտբոլի գլխավոր խորհրդանիշներից մեկն այժմ էլ դիմավորում ու ճանապարհում է բոլոր նրանց, ովքեր անցնում են հարևանությամբ, բայց ցավոք` ոչ ֆուտբոլիստների ու ֆուտբոլային երկրպագուների։
Փառքի ու մոռացության սահմանին է ապրում «Հրազդան» ստադիոնը, որտեղ խաղացել են համաշխարհային մեծության աստղեր։ Նրանց տեղը հիմա փոխարինման են դուրս եկել մանրավաճառ առևտրականները, անտուն թափառականներն ու շները․․․

