Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պայմանագիր է կնքել ամերիկյան Salita պրոմոութերական ընկերության հետ: Salita Promotions-ի կազմակերպած շոուի ընթացքում Ավագյանի առաջին մենամարտը կայանալու է մարտի 13-ին Դեթրոյթում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է անձամբ բռնցքամարտիկը, որը շուտով նորից կվերադառնա ԱՄՆ.
«Մրցակիցս լինելու է դոմինիկացի անպարտելի բռնցքամարտիկ Դագուվերտո Ագուերոն՝ 15-0 ռեկորդով: Ակնկալիքները մեծ են: Առաջ Աստված: Պատրաստվում եմ, որպեսզի լավ ելույթ ունենամ: Ուսումնասիրել եմ մրցակցին: Տեխնիկապես զարգացած բռնցքամարտիկ է, բայց ամեն դեպքում՝ ռինգը ցույց կտա»,- ասում է Արամը:

Ավագյանը, որը WBC International Silver գոտի ուներ, ինքնակամ թողել է այն, քանի որ գոտու համար մենամարտեր անցկացնելը մեծ ֆինանսների հետ էր կապված.
«Պրոմոութերական պայմանագիր դեռ չունեի, բնականաբար գոտու մենամարտի հետ կապված ծախսերը շատ մեծ էին, մոտ 50 հազար դոլար: Այդ ծախսերը պետք է պրոմոութերական ընկերությունը հոգար, բայց քանի որ արդեն Punch Boxing-ի հետ իմ պայմանագիրը խզել էի, գոտին թողեցի, որպեսզի գնամ ավելի բարձր գոտու հետևից:
Մարտի 13-ին կայանալիք մենամարտից հետո շատ հնարավոր է՝ կարողանամ ավելի բարձր՝ չեմպիոնական գոտու համար պայքարել»,- ասում է Արամ Ավագյանը:
Նոր պայմանագրով շատ հնարավոր է՝ 3 մենամարտ հաղթելու դեպքում Արամը պայքարի աշխարհի գոտու համար:
Ավագյանը երկար ժամանակ է՝ միայնակ է մարզվում, եթե գտնվում է Հայաստանում, զուգահեռ մարզումներ է անցկացնում հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի ու Կարեն Աղամալյանի հետ.
«Տղաները գալիս օգնում եմ սպարինգ մենամարտեր ենք անցկացնում: Բայց մեծամասամբ ես երկրում չեմ լինում: Նախքան Հայաստան վերադառնալս մոտ 4.5 ամիս ԱՄՆ-ում մարզումների մեծ ցիկլ եմ անցել, ունեցա սպարինգային լավ մենամարտեր: Ու հիմա էլ ավելի մեծ փորձ հավաքած վերադարձել եմ: Այս մեկ ամիսը, ինչ Հայաստանում եմ գտնվում, ինձ համար կարելի է ասել՝ հանգստի փուլ էր, չնայած չեմ հանգստացել, անընդհատ մարզվել եմ, բայց մասնագիտական առումով փոքր-ինչ կտրվել եմ իմ աշխատանքից: Մի քանի օրից կվերադառնամ ԱՄՆ՝ Դեթրոյթ, որտեղ կմարզվեմ Թայսոն Ֆյուրիի մարզչի հետ»,- պատմում է Արամ Ավագյանը:
Խոսելով Punch Boxing Promotions-ի հետ կապերը խզելու պատճառների մասին՝ Արամ Ավագյանն ասում է՝ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ.
«Եկավ պահն ու երկկողմանի հասկացանք, որ մենք չենք կարողանում այլևս իրար հետ աշխատել: Վեճ կամ որևէ կոնֆլիկտ չի եղել: Պարզապես երկկողմանի որոշվեց դադարեցնել համագործակցությունը:
Արթուր Գևորգյանի հետ համագործակցությունը կա, եղել է ու կլինի միշտ»:

Ավագյանի խոսքով, ԱՄՆ-ում եղած ժամանակ մեկ մենամարտի պայմանագրեր շատ է ստացել, բայց երկարաժամկետ համագործակցության առաջարկ եղել է միայն Salita Promotions-ի կողմից, ու քանի որ պայմաններն էլ իրեն ձեռնտու են եղել, հայ բռնցքամարտիկը հենց այս կազմակերպության հետ է պայմանագիր կնքել: Խոսելով հետագա մենամարտերի մասին՝ Արամն ասում է, որ ամեն ինչ իրենից է կախված.
«Եթե մարտի 13-ի մենամարտը ժամանակից շուտ ավարտեմ, շատ հնարավոր է՝ արդեն ապրիլին մասնակցեմ Salita Promotions-ի մեծ շոուին, իսկ եթե տարածությունը մինչև վերջ գնանք, հավանական է՝ հաջորդ մենամարտն անցկացնեմ մայիսի մեջ:

Ինչ վերաբերում է Salita Promotions-ին, ապա այդ կազմակերպությունը գլխավորում է հենց Դմիտրի Սալիտան, որը նախկինում բռնցքամարտիկ է եղել, մենամարտել է աշխարհի գոտու համար: Լավ, հարուստ պատկերացում ունի բռնցքամարտի մասին: Ունի բռնցքամարտիկներ, ովքեր ներկայումս աշխարհի չեմպիոն են, ու նաև բռնցքամարտիկներ, ովքեր արդեն ունակ են աշխարհի չեմպիոնության համար պայքարելու: Ես կպայքարեմ, կտեսնեմ, բայց ներկա պահին բարձր եմ գնահատում թե՛ այդ ընկերության աշխատանքն ու թե՛ մեր պայմանագիրը: Յուրաքանչյուր մենամարտից առաջ իմ գործին առավելագույնս նվիրվում եմ՝ ոչ թե 100, այլ կասեմ՝ 110 տոկոսով: Մենամարտին պատրաստվելու ընթացքն ինձ համար ամենածանրն է, իսկ մենամարտի օրն ինձ համար տոն է: Միշտ պայքարում եմ միայն հաղթանակի համար: Ու հիմա էլ պատրաստ եմ: 2-3 շաբաթ սպարինգային ցիկլ կանցկացնեմ ԱՄՆ-ում ու կպատրաստվեմ մենամարտիս»:
Ավագյանն, այդուհանդերձ, նշում է՝ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու մտադրություն ամենևին չունի.
«Երբևէ ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն չեմ ունեցել, քանի որ Երևանը շատ եմ սիրում, ու որտեղ էլ գնամ՝ ինձ համար Երևանն է լավ: Պարզապես կարիերայի առումով ես գնում-գալիս եմ, քանի որ ինձ համար բռնցքամարտի սիրտն ԱՄՆ-ն է: Այնտեղ թե՛ մասնագիտական, թե՛ ֆիզիկական առումով ամեն ինչ շատ հարուստ է, և ես ամեն անգամ փորձում եմ մի բան քաղել: ԱՄՆ մեկնում եմ մենամարտեր անցկացնելու համար, իսկ երբ ազատ ժամանակ եմ ունենում, անպայման վերադառնում եմ»,- խոստովանում է բռնցքամարտիկը: